Երազանքի ճանապարհին…
Մեկ տարվա ֆրանսիական մթնոլորտի ու միջավայրի տպավորությունների՝ «Երազանքի հետքերով» նկարչական աշխատանքների ցուցահանդեսի՝ բացված Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արամ Իսաբեկյանի անվան դահլիճում, հեղինակը Գրաֆիկա բաժնի 4-րդ կուրսի ուսանող Կարապետ Հաջի-Ասլանյանն է։ Ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում նա ուսումնառության հաջող փորձ ունեցավ անցած տարի Մարսելի Գեղարվեստի ակադեմիայում։
Ֆրանսիական La Croix շաբաթաթերթը հայ ուսանողի մասին ծավալուն հոդված տպագրեց՝ «Աքսորի մեջ գտնվող հայկական ընտանիքի հետքերով». «Ղարաբաղի կորսված նկարները» խորագրով։ Թերթի երկու թղթակից 2020 թվականի պատերազմից հետո այցելել էին Ղարաբաղ, ամայացած հայկական գյուղական տան բակերից մեկում նկատել հեղինակային ստորագրությամբ մատիտանկար դիմանկարներ, կարևորել և իրենց հետ տարել Փարիզ։ 2021-ի ապրիլին նրանք նորից այցելում են Հայաստան, շրջում սահմանային բնակավայրերով, լինում են Տավուշում, հանդիպում, զրուցում մարդկանց հետ ու զարմանալի պատահականությամբ հանդիպում են դիմանկարներից մեկի բնորդին, նրանից ստացած տեղեկությունների տպավորությամբ փնտրել են սկսում հեղինակին։ Իսկ նա՝ Կարապետ Հաճի Ասլանյանը, այդ ժամանակ արդեն սովորում էր Մարսելում։ Այդ դիմանկարները նա արել էր Ղարաբաղում ծառայելիս։ Կարապետի հետ նրանց զրույցի և թղթակիցների տպավորությունները ղարաբաղյան այցից տպագրվում են La Croix պարբերականում։ Այս մասին հոդված հրապարակվել է ՀԳՊԱ-ի կայքում, այն տպագրվել է նաև «Ազգ» շաբաթաթերթում։
Ցուցադրված նկարները երիտասարդ արվեստագետի երազանքի այն առաջին հետքերն են, որ ունեցավ նա ֆրանսիական հողում։ Դրանցում անթաքույց է նրա սերը ֆրանսիական մշակույթին, նկարչությանը։ Աշխատանքներում սիրելի նկարիչների ազդեցություններ չեն, որ մենք տեսնում ենք, իր սեփական հայացքն է, իր տեսածի, շոշափածի, զգացածի արտահայտություններն են, իր վերաբերմունքը ֆրանսիական արվեստին, որտեղ Սեզանի տունն ու ծառերն են, Էդգար Դեգայի պարուհիների (բալերինաների) ներշնչանքները, Վան Գոգի նավերը, կամուրջները, լաստանավերը՝ Կլոդ Մոնեի։ Դահլիճի մթնոլորտը, այսպես ասած, ֆրանսիական էր՝ արվեստային, թեթև, ռոմանտիկ։ Այս տրամադրությունը շարունակվեց նկարչի՝ ակորդիոնով հնչեցրած Ազնավուրի հրաշալի մեղեդու հնչյուններում։
Ցուցահանդեսը կազմակերպված էր Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակներում։ Այս ցուցահանդեսից առաջ նա ևս մեկ ցուցահանդես ունեցել էր Ճարտարապետների միությունում. այս մասին ասաց ակադեմիայի միջազգային կապերի բաժնի ղեկավար Մերի Պատվականյանը։ «Նա երազանք ուներ իր հոգում և գնաց այդ երազանքի հետքերով։ Շատ կարևոր է, որ մարդն իր մեջ երազանք, ձգտում ունենա, առանց դրա հույսը կկորցնի։ Ֆրանսիայում սովորելը նրա համար այդպիսի երազանք էր, այս ցուցահանդեսը այդ մեկ տարվա ապրածի, սովորածի հաշվետվությունն է»։
ՀԳՊԱ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը, շնորհավորանքի խոսքում դիմելով ներկա ուսանողներին, հորդորեց զարգացնել լեզվական գիտելիքները. «Ակադեմիան անվճար լեզվի դասընթացներ է կազմակերպում միմիայն նրա համար, որ օգնի ձեզ լայնացնելու մասնագիտական, հետագայում նաև աշխատանքային հնարավորությունները։ Օգտվեք դրանից, սովորեք լեզուներ, ճանապարհորդեք։ Եվրամիության «Էրազմուս +» ծրագիրն իր միջոցներով է ֆինանսավորում այդ ամբողջը՝ ճամփորդությունը, սովորելը, կեցությունը»։
Կարապետը Ֆրանսիայից վերադարձել է նոր փորձով ու բավական հարուստ տպավորություններով։ «Մարսելի ակադեմիան գտնվում է անտառի մեջ, Ազգային արգելոցի պարկում, նպաստավոր պայմաններ՝ նկարչի համար ստեղծագործելու։ Դասից դուրս գալուց հետո հաճախ ժամանակ էր լինում պտտվելու արգելոցի տարածքում, այնտեղ կան ձկների հազվադեպ տեսակներ, որ ուրիշ տեղ չէիր տեսնի»,- պատմում է նա։
Տարբեր մոտեցումներն ու ուսուցման մեթոդները մոտիվացման նոր աղբյուր են եղել։ «Նրանց մոտ առաջնայինն ավելի ազատ նկարչություն է, շեշտը դրվում է ինստալացիաների և մտածելակերպի վրա, այսինքն՝ չի կարևորվում ինչպես, ինչ տեսակով կանես նկարը՝ դասական ոճով, թե աբստրակտ, կարևորը՝ գործը ներկայացնես այնպես ինչպես զգացել, պատկերացրել ես։
Ֆրանսիական միջավայրը ինձ շատ բան տվեց, ավելի շատ մոտիվացրեց հետագա քայլերս, գնահատված զգացի։ Այնտեղի մասնագետները իրենց կարծիքը բոլորովին այլ տեսակետից են ասում, այսինքն՝ իրենք քեզ սովորեցնում են ինչպես ներկայացնես նկարը, ինչպես ներկայացնես քեզ. այդ դաշտում մեզ մոտ պակաս կա մի քիչ»։
Երազանքի իրականացման մեկ տարի, կյանքի մի հատված, որ անջնջելի հետք կթողնի ձգտումներով լի երիտասարդ նկարչի հոգում։ «Երազի պես էր, երբ հանդիպեցի Դեգայի բալերինաներին, տեսա Դելակրուայի նկարները։ Առաջին անգամ եղա Դեգայի և Մանեի համատեղ ցուցահանդեսում, Փարիզի Օրսեյի թանգարանում։ Մոտիկից բոլորովին ուրիշ տպավորություն է. Օրսեյում բալերինայի քանդակին մեկ ժամից ավելի նայում էի, ուսումնասիրում…»։
Անհնար էր, որ չգնար Վան Գոգի հետքերով, չանցներ այն վայրերով, որտեղով քայլել է նա։ «Եղա Առլում, այն սրճարանում, ուր նա հաճախ էր գնում, հայտնի կամուրջը նկարեցի այն նույն աթոռի վրա, որտեղ նստել է նա։ Այնտեղ ցուցանակներ կան, թե որ դիտակետից է նա նկարել»։
Եվ իհարկե՝ «Աստղազարդ գիշերը», որ նրան տարել է Սան Ռեմի, որտեղ Վան Գոգը հավերժացրել է գիշերային երկնքի՝ պահի միայն իրեն հայտնի միստիկան, ապրված խորհուրդն ու… եկեղեցին։
Եվս մի շատ անմոռանալի պահ է հիշում Կարապետը. «Մեքենայով անցնում էինք այն վայրով, որտեղ Վան Գոգը նկարել է բանտարկյալներին. այնտեղ արևածաղկի դաշտերն են, որ ինքը հաճախ է նկարել։ Մեքենան կանգնեցրինք, մտանք դաշտերը, քաղեցինք հինգ արևածաղիկ… պիտի ունենայինք այն դաշտի արևածաղիկները, որ Վան Գոգն էր նկարել։ Ու հետո ճանապարհը շարունակեցինք. գնացինք Մարսել…»։
Մելանյա Բադալյան