ՀԳՊԱ-ն կարևորում է բոլոր ուսանողների համար հավասար պայմանների ապահովումը՝ ստեղծելով առողջ և մրցակցային կրթական միջավայր: Քաջ գիտակցելով ներառական բարձրագույն մասնագիտական կրթության կարևորությունը՝ ՀԳՊԱ-ի ողջ անձնակազմն իր ամենօրյա աշխատանքում պատասխանատվություն է կրում ներառական միջավայրի ձևավորման և ապահովման համար:
Ներառական կրթությունը՝ որպես առաջնահերթություն
ՀԳՊԱ-ի ռազմավարության առաջնահերթ նպատակներից է ներառականության ապահովումը, որը միտված է ձևավորելու հավասար, մատչելի, աջակցող և ներառական դասավանդման ու ուսուցման միջավայր: Բուհը բացառում է խտրականությունը՝ կախված անձի սեռից, ռասսայից, էթնիկական ծագումից, սոցիալական և առողջականկարգավիճակից, կրոնական պատկանելությունից:
Ներառական կրթության քաղաքականությունը
Ներառական կրթության ապահովմանն ուղղված գործընթացները կանոնակարգվում են համապատասխան քաղաքականությամբ և Ուսանողի գնահատման և ակադեմիական ազնվության քաղաքականությամբ, որում նկարագրված են այս ուղղությամբ մատուցվող ծառայությունները և իրականացվող գործողությունները՝ երաշխավորելով ներառական միջավայրի և մշակույթի ձևավորմանը:
Ներառականության ապահովման գործընթացներ
Ուսանողներին աջակցելու, ինչպես նաև արդյունավետ ուսումնառությունն ապահովելու նպատակով բուհը կազմակերպում է լրացուցիչ (արտալսարանային) պարապմունքներ, վարպետաց դասեր, պարապմունք-խորհրդատվություններ, ոչ ֆորմալ հանդիպումներ և այլն, որոնք մեծապես նպաստում են ստեղծագործական ու աշխատանքային առողջ մթնոլորտի ձևավորմանը, իսկ վերջինիս հիման վրա էլ՝ ներառական մշակույթի զարգացմանը:
Յուրաքանչյուր տարի ՀԳՊԱ-ն անցկացնում է հարցում առաջին կուրսի ուսանողների շրջանում վեր հանելու բուհի մատուցած հավելյալ ծառայություններից օգտվելու համար ուսանողների կարիքները:
Եթե ՀԳՊԱ-ի առաջին կուրսի ուսանող եք, մի՛ մոռացեք լրացնել հարցաշարը: