Դասախոսություն-քննարկում ՀԳՊԱ-ում
Ստեղծագործության իրավունքների պաշտպանություն
Մտավոր սեփականությունը 21-րդ դարի հիմնական, առաջատար հարստությունն է,- այս մասին խոսում են աշխարհի շատ նշանավոր մարդիկ։ Պաշտպանվա՞ծ են արդյոք մտավոր սեփականության իրավունքները մեր երկրում, ինչպիսի՞ օրենքներով է կարգավորում այս դաշտը, որքա՞ն իրավացիորեն են գործում դրանք։ Ստեղծագործական, նաև գործարար աշխարհի մարդկանց համար կարևոր հարցեր, որին նվիրված դասախոսություն ունեցավ Անի Դավթյանը երեկ, Գեղարվեստի պետական ակադեմիայի Արամ Իսաբեկյանի անվան դահլիճում «Մտավոր սեփականության իրավունքները ստեղծարար ոլորտում» հեղինակային ձեռնարկի շնորհանդեսի առիթով։ Բանախոսին ներկայացրեց ուսանողական խորհրդի նախագահ Աննա Գևորգյանը։
Հայ-ռուսական համալսարանի դասախոս Անի Դավթյանը փաստաբան է, «Լոուսյութ» իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրենը, մտավոր սեփականության ոլորտում մասնագիտացված իրավաբան։ Բանախոսության հիմնական թեմային նախորդեց ցուցապաստառին ներկայացված նույն ապրանքների երկու պատկեր, որոնց տարբերությունը դրանցից մեկի վրա ապրանքանիշի առկայությունն էր. վերջիններս անհամեմատ թանկ արժեն՝ գրանցված ապրանքանիշերի պատճառով, որոնց արտադրողը «նախապես զբաղվել է իր մտավոր սեփականությամբ, գրանցվել է և պաշտպանել իր իրավունքները։ Եթե դա չի արվում, արժեքը ապրանքի ընկնում է։ Ստեղծագործական աշխարհի մարդկանց համար սրանով զբաղվելը շատ կարևոր է, որովհետև դրանով ձեր ապագա աշխատանքի արժեքն է հնարավոր սահմանել»։
Անի Դավթյանը թեման ներկայացրեց իր նախընտրած միջազգային հայտնի դատական մի քանի գործերի միջոցով՝ A&M Records -ն ընդդեմ Napster-ի. վերջինիս դատել են 18 տարբեր երաժշտական ընկերություններ՝ երաժիշտների հեղինակային իրավունքների խախտման համար։ Campbell-ն ընդդեմ Acuff-Ross Music-ի. դատավարությամբ որոշվել էր, որ կոմերցիոն նպատակներով կատարվող պարոդիան կարող է համարվել «բարեխիղճ կիրառում»։ Ամերիկացի հեղինակների գիլդիան ընդդեմ Open AI-ի. նրանք Open AI-ին մեղադրում էին տարբեր գրողների գործեր ալգորիթմում օգտագործելու և հեղինակային իրավունքը խախտելու մեջ։ Samsung-ի և Apple-ի միջև դատավարություններ՝ արտոնությունների խախտման դեպքերի առիթով և այլն։
Դասախոսության կարևորությունը ուսանողներին տեղեկացնելն էր, թե ինչպես է գործում մտավոր սեփականության իրավունքը կայացած, աշխարհի առաջատար երկրներում։ Բերված օրինակները հիմնականում վերաբերում էին ամերիկյան իրականությանը, այս ոլորտի ամերիկյան դատական իրավական համակարգում գործող օրենքներին և համապատասխան վճիռներին։
Ներկայացվող գործերի մասին տեղեկությունը նախապես անգլերենով հայտնվում էր էկրանին. բովանդակությունը բանախոսի կողմից՝ ավելի հանգամանալից ներկայացվելուց հետո հաջորդում էր հարցադրումն ուսանողներին՝ փորձելով ստանալ տվյալ դատական վճռի նրանց տարբերակները։ Հարց-պատասխան այս ֆորմատի ակտիվ մասնակիցները հիմնականում երկու ուսանողուհիներ էին։ Պատասխաններ ստանալուց հետո բանախոսը ներկայացնում էր իրականում ինչպիսին են եղել ամերիկյան դատարանների կայացրած վճիռներն ըստ առկա օրենքների։
Ավարտին Անի Դավթյանը համագործակցության առաջարկով դիմեց ներկաներին՝ հետագայում իրենց ստեղծագործության իրավունքների պաշտպանության գործում։ Միտումը իհարկե՝ մտավոր սեփականության ոլորտում հայաստանյան չկայացած, թերի դաշտի բարեփոխումն է, այս շուկայի մեջ փոփոխությունների անհրաժեշտությունը։
Մելանյա Բադալյան