Ֆրանսիայի դեսպանատան կազմակերպած մրցանակային ցուցահանդեսում
«Ասա ինձ տասը բառ, որտեղ չկա թթվածնի պակաս»
Հունիսի 7-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան այգում տեղի ունեցավ միջոցառում-մրցանակաբաշխություն։ Այս տարի Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան մասնակցեց Ֆրանսիայի դեսպանատան կազմակերպած «Խաչվող հայացքներ» և «Ասա ինձ տասը բառ, որտեղ չկա թթվածնի պակաս» միջոցառումներին։
Առաջինը լուսանկարչական ցուցահանդես էր` մարտի 19-ին կայացած, որին մասնակցում էին հայ և ֆրանսիացի լուսանկարիչներ․ մեր ուսանողների դերն այստեղ թարգմանչական բնույթի էր՝ հայերենով ներկայացնելու հնչած մեկնաբանությունները։ Երկրորդ՝ «Խաչվող հայացքներ» խորագրով ցուցահանդեսը բնապահպանական թեմայով 3 րոպեանոց տեսահոլովակի առաջարկություն էր՝ խնդիրը ներկայացնելու ընդամենը տասը բառերի կիրառությամբ։ Երկու ցուցահանդեսներին էլ սիրով մասնակցել են մեր ուսանողները։ Արտաքին կապերի բաժնի վարիչ Մերի Պատվականյանը նշում է, որ ֆրանսերենի իմացությունը պարտադիր էր, ուստի մասնակցության հայտ կարող էին ներկայացնել միայն ֆրանսերեն ուսումնասիրող ուսանողները․ նրանցից՝ Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի հագուստի մոդելավորման բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Ռոզալյա Նալբանդյանը և Կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարչության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Մերի Կարապետյանը։
Մասնակցում էին Հայաստանի գրեթե բոլոր բուհերի 70 ուսանող։ Մրցանակային երեք տեղերից առաջինը զբաղեցրեց Մերի Կարապետյանը։ Մերի Պատվականյանը ներկայացրեց մրցանակի հանձնման պահի՝ նրա աննկարագրելի ուրախությունը․ «Երբ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը, հանձնում էր առաջին տեղի վկայականը, Մերիի աչքերն այնպես էին փայլում, որ մոռանալ չեմ կարող»։ Ներկայացված աշխատանքը թե՛ գեղարվեստական-վիզուալ առումով, թե՛ երաժշտական ճաշակավոր զուգակցմամբ, թե՛ բառերի դիպուկ, տեղին կիրառմամբ գրավել էր մրցանակային հանձնաժողովի ուշադրությունը՝ արժանանալով բարձր գնահատականի։ 2-րդ տեղը զբաղեցրեց Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչը, իսկ 3-րդը ՝ Անատոլ Ֆրանսի անվան դպրոցի աշակերտը։
Մեր մյուս մասնակցի՝ Ռոզալյա Նալբանդյանի աշխատանքը նույնպես բարձր գնահատվեց, սակայն նպատակահարմար չգտնվեց միևնույն բուհի երկու մասնակցի միաժամանակ երկու մրցանակ շնորհել․ նա ստացավ սերտիֆիկատ-վկայական՝ փայլուն տեսահոլովակի համար։ Առաջին և երկրորդ տեղերի մրցանակակիր ուսանողներին հնարավորություն կտրվի մինչև տարվա վերջ Ֆրանսիայի ԱԳՆ միջոցներով շրջագայելու մեկնել Ֆրանսիա, նրանք նաև երկշաբաթյա ֆրանսերենի կատարելագործման դասընթացների կմասնակցեն։
Մելանյա Բադալյան