Հաշվետու ցուցահանդես ՀԳՊԱ-ում
Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի արդեն տասներորդ ամենամյա ցուցահանդեսը բացվեց «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, երեկ։ Հետաքրքիր մտահղացումներով գրավիչ աշխատանքների հեղինակները Հագուստի մոդելավորում և Համակարգչային գրաֆիկա կրթական ծրագրերի՝ հիմնականում 4-րդ, նաև 3-րդ կուրսերի ուսանողներն են։ Այս բաժինների ցուցահանդեսների բացումը անցած ուսուցման պրոցեսների գնահատման, ամփոփելու, ինչ-որ տեղ նաև ուսուցողական բնույթ է կրում, ինչը ավելի է արժևորում այն։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը այս ցուցահանդեսից սպասելիքները շատ ավելի է համարում, որովհետև միշտ որակյալ աշխատանքներ են ներկայացվել, լավ կազմակերպված են նաև եղել՝ դասախոսների, դեկանի ներդրած ջանքերի շնորհիվ։
«Ցուցահանդեսը համարել զուտ տրադիցիոն, այնքան էլ ճիշտ չէ, մենք պարտավոր ենք դա անելու»,- ասաց ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը։
Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները, ըստ դեկանի, կուրսային առաջադրանքներ չեն, դրանք ստեղծագործական առաջադրանքներ են։ Կիսամյակի ընթացքում ամբիոնների հետ համաձայնեցված աշխատանքներ են տարվում ուսանողների էսքիզների հիման վրա՝ մեկ գծանկարի և մեկ գունանկարի, որոնց գնահատման հիման վրա էլ տրվում է ավարտական գնահատականը։ Նա նաև հիշեցրեց, որ Սարո Կալենցի մտահղացման, ջանքերի շնորհիվ է այս մոտեցումը սկսել կիրառվել, և Մկրտիչ Այվազյանի առաջարկով մտել տարեկան պլանի մեջ։ Ուսումնական տարվա մեջ կազմակերպվում է 2-3 ցուցահանդես, այդ թվում նաև՝ դասսխոսների աշխատանքների։ «Բազմաբնույթ, բազմաոճ, տարբեր մոտեցումներով աշխատանքներ են, ըստ մասնագիտությունների իրարից տարբերվող։ Ուշադիր եթե նայեք, մոդելավորողների գործերը հստակ տարբերվում են համակարգչային գրաֆիկայի ուսանողների գործերից»։
Գունանկարի և գծանկարի ամբիոնի վարիչ Վահե Գասպարյանը ցուցահանդեսի կարևորությունը հատկապես 1-ին և 2-րդ կուրսեցիների համար ավելի է համարում , որովհետև ավարտական, դիպլոմայինի շեմին են ցուցահանդեսային աշխատանքների հեղինակները, և արդեն ունեն բավական գիտելիք ու փորձ։ «Աշխատանքներում նկատելի է անցումը ակադեմիական նկարչությունից դեկորատիվ մտածողության և ազատ ստեղծագործականի։ Ցուցահանդեսը կարևոր է դրանով, որ այդ փուլային, էտապային աճը կարող են տեսնել 1-ին կուրսեցիները, որոնք նոր են ակադեմիական ծրագրին ծանոթանում։ Այս ծրագիրը միտում ունի, յուրաքանչյուր ուսանողի ներաշխարհային անհատականությունը հաշվի առնելով, զարգացնելու ստեղծագործական միտք ու մտածողություն՝ կոմպոզիցիոն առաջադրանքների մեջ այն կիրառելու»։
Տեղեկացվեց նաև, որ ցուցահանդեսը մրցանակային է լինելու, լավագույն աշխատանքները խրախուսվելու են, տրվելու են վկայականներ, որը ևս մեկ լրացնող վարկանիշ է Նկարիչների միության անդամության հայտ ներկայացնելիս և այլ պարագաներում։ Որոշվեց մրցանակները սահմանել Սարո Կալենցի անունով։ Շատ կարևոր է հարգանքի, հիշողության այս տուրքը, վերաբերմունքը երկար տարիներ դասավանդած սիրված դասախոսին ու տաղանդավոր նկարչին։ Եվ ինչպես Ավետիք Ավետիսյանն ասաց. «Այս մասնագիտական ուղղվածության ներդրումը իր շեշտադրումն է եղել, իր շնորհիվ փոխվեց մթնոլորտը՝ միատոնից անցումը ստեղծագործականին…»։
Մելանյա Բադալյան