Ցուցահանդես ուսուցողական նպատակով
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում օրեր առաջ բացվեց Գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դասախոս Գրիգոր Գեղամյանի անհատական ցուցահանդեսը։ Նկարչական տարբեր ուղղություններ ներկայացնող գործերը՝ դասականից մինչև իմպրեսիոնիզմ և աբստրակցիա, նախևառաջ տեխնիկական կատարման տարբերություններով են աչքի ընկնում։ Գործածված նյութը նույնպես տարբեր է՝ պաստել, ակրիլ, ածուխ։ Նախասրահային հատվածում գրաֆիկական ածխանկար աշխատանքներն են, իր նկարիչ-կոլեգաների դիմանկարների շարքը՝ Փարավոն Միրզոյան, Անատոլի Գրիգորյան, Անդրանիկ Կիլիկյան… Գեղանկարները հիմնականում բնանկարներ և նատյուրմորտներ են, կան մի քանի դիմանկարներ։
Էքսպոզիցիայի կենտրոնում ամբողջությամբ ճերմակի մեջ փոքրիկ աղջկա եթերային նկարն է՝ նկարչի թոռնուհու։ Բնանկարներում հայրենի լեռնաշխարհն է, ավելի շուտ Արարատը. դրանցից մեկը՝ Խոր Վիրապից, նկարիչը նաև ծաղիկների հանդեպ անտարբեր չէ։ Նատյուրմորտները դասական ոճի մեջ են՝ գույնի թանձր կուտակումներով, մուգ ֆոնավորմամբ։
Մեր զրույցը հեղինակի հետ հետաքրքրական ստացվեց այն առումով, որ նա դասը տեղափոխեց ցուցասրահ, շարունակությունն անց կացնելով այնտեղ, թեման մեկնաբանեց իր նկարների օրինակով, մերթ ընդ մերթ էլ՝ իմ հարցերի պատասխանների միջոցով։ Ցուցահանդեսը որոշակի նպատակով է արված՝ ընտված են տեխնիկական կատարման առավել տարբերությամբ նկարներ, ուսանողներին տեսական նյութը առարկայորեն ներկայացնելու։ Գրիգոր Գեղամյանը դասավանդում է գեղանկարչության տեխնիկա և տեխնոլոգիա առարկան։ Մասնագիտական այսպիսի մոտեցումը բավական արդյունավետ է, գրեթե մեկ դասաժամի ընթացքում թեման՝ տեխնիկական կատարման եղանակներ, օգտագործված նյութի առանձնահատկություններ և տարբերություններ և այլ, շատ մատչելի մատուցվեց։ Օրինակ` Արարատների կատարման տեխնիկայի պուանտելիստական ոճը այսինքն՝ կետայինը, ինչպես է տարբերվում է շերտային տեխնիկայով արված աշխատանքներից։ Ուշադրություն դարձվեց օգտագործված նյութին և դրանց տարբերություններին․ ակրիլը նկարչի նախընտրելի նյութն է, այն արագացնում է նկարելու պրոցեսը, ածխանկարչության պարագայում խոսվեց թղթի որակի, ֆակտուրայի մասին։ Ողորկ թուղթը, օրինակ, ոչ միայն ներկը սահեցնող հատկություն ունի, նաև չի ապահովում թեկուզև` մեխանիկական, բայց կապը նկարչի հետ։ Իսկ իրականում տրամադրություն ստեղծողը կերպարն է։
Գույնի զգացողություն, գույնի էսթետիկա, սրանք նկարչի համար կարևորագույն ըմբռնումներ, երևույթներ են։ Հեղինակի նախասիրությունը կիսատոներն են, մի շարք աշխատանքներում իշխող գունային թանձրացումները որոշակի նպատակով են՝ ուսուցողական-մասնագիտական։
Իմ կարծիքով` նկարի վերնագիրը մի տեսակ անձնագրային բնույթ է հաղորդում, լրացուցիչ տրամադրություն և նախնական տրամադրվածություն ապահովում, որոշ կապ ստեղծում դիտորդի հետ։ Գրիգոր Գեղամյանի նկարները անվերնագիր են, նա դրան կարևորություն չի տալիս. նկարը իրենով արդեն խոսուն է,- ասում է։
Մելանյա Բադալյան