Հունիսմեկյան ուրախ տրամադրություն «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում
Ինչպե՞ս է երեխան ընկալում իր միջավայրն ու մեծահասակներին։ Հիշեցի Անրի անունով փոքրիկ տղային, երբ կողքի մեծահասակները ոգևորված խոսում էին իրենց մշտապես հետաքրքրող թեմաներից՝ քաղաքականությունից, աշխատանքից, ֆինանսներից, կամ կենցաղից, այդ փոքրիկը աչուկները հառել էր երկինք, մատիկը պարզել մութ երկնքում փայլող լիալուսնին ու ժպտում էր. հավանաբար փորձում էր մյուսների ուշադրությունը շեղել, դարձնել դեպի վերև, դեպի բնություն, դեպի գեղեցիկը։
Իսկ ինչո՞ւ են բոլոր երեխաները սիրում նկարել։ Դժվար է ասել, գույնի գրավչությունն է պատճառը, թե՞ ինքնարտահայտման ամենաանմիջական ձևն է նկարելը, և ի՞նչ են ամենից շատ նկարում նրանք. արև, տուն, ծաղիկներ, ծառ, կենդանիներ: Ինչո՞ւ են երեխաները օգտագործում վառ գույներ. գուցե դեռ չեն բախվել իրականության դաժան կողմերին, չնայած աշխարհում որքան անապահով, անօթևան երեխաներ կան, տխուր, շատ տխուր մանկություններ կան…
Պատահական չէ՝ տարվա ամենատաք սեզոնի՝ ամռան առաջին օրն են հռչակել երեխաների պաշտպանության միջազգային օր։ Ամեն հունիսի 1-ին տոնական տրամադրություն է տիրում Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում։ Տարիներ շարունակ այդ օրը ՀԳՊԱ-ի արհմիության նախագահ Նորա Կարապետյանի անմիջական նախաձեռնությամբ և օժանդակությամբ ցուցասրահի տնօրեն Իրինա Իսաբեկյանի և աշխատակից Լիանա Խաչատրյանի աջակցությամբ կազմակերպվում է տոնական, ուրախ միջոցառում ակադեմիայի աշխատակիցների երեխաների և թոռնիկների համար։ Նախապես հայտարարվում են ցուցահանդեսային աշխատանքների ներկայացման ժամկետները։ Երեխաների նկարները կարդալն ավելի դժվար է, հարկավոր է գնալ դեպի մանկություն, երազների ու երևակայության ամենից վառ շրջան, գտնել նրանց հետաքրքրությունների գաղտնիքները, փորձել հասկանալ այդ աշխարհը։
Այս տարի ևս ավանդաբար տոնակատարություն արվեց ակադեմիայի ցուցասրահում, գույնզգույն փուչիկներով, փայլփլուն զարդարանքներով, համեղ քաղցրավենիքով, նվերներով։ Ուրախ էին երեխաները, ուրախ էին նրանց պաշտպանները՝ մայրերը, հայրերը, տատիկներն ու պապիկները, գեղեցիկ էին բոլոր նկարները։
Մելանյա Բադալյան