Դիլիջանյան ամառը նկարներում
Ուսանողական պրակտիկայի արդյունքները
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները արդեն երկար տարիներ է` ամառային պրակտիկան անց են կացնում Դիլիջանում, որտեղ և գտնվում է ակադեմիայի մասնաճյուղերից մեկը։ Հայաստանի ամենահարուստ ու ճոխ բնաշխարհներից Դիլիջանը լավագույն վայրերից է` մանավանդ տարվա ամառային եղանակին, ուսանողների թե հանգիստը, թե ստեղծագործական ակտիվ ընթացքը կազմակերպելու, իհարկե և բնությունից դասեր առնելու։
Ուսանողական պրակտիկայի ընթացքում կատարված աշխատանքների ցուցադրությունը, որն արդեն ձևավորված ավանդույթներից է, մշտապես կազմակերպվում է ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում։ Ինչպես կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանն ասաց երեկվա ցուցահանդեսի բացմանը, ուսանողական պրակտիկայի ընթացքում ստեղծված գործերի ցուցադրությունը հաշվետվություն է։ Նա միաժամանակ արձանագրեց, որ այս տարի ուսանողների քանակը բավական քիչ էր, մինչդեռ ամառային պրակտիկան ոչ միայն բնության հետ լինելու, տեղում աշխատելու հրաշալի առիթ է նկարչի համար, նաև միմյանց, դասախոսների, ղեկավարի հետ անմիջական շփումների հնարավորություն է, ինչը նոր միջավայրում բոլորովին ուրիշ բնույթ է կրում և նոր որակ ձեռք բերում։ Վարդանյանը խորհուրդ տվեց ստեղծել խմբեր և հաճախ գնալ Դիլիջան։ «Այս և առհասարակ բոլոր ցուցահանդեսները ևս մեկ առիթ են միմյանց հետ մտերմանալու, իսկ դա ամենից կարևոր ու կապող օղակն է նկարիչների միջև»,- ավելացրեց նա։
Գրաֆիկայի ամբիոնի վարիչ Աբրահամ Սահակյանը, շնորհավորելով ուսանողներին, շնորհակալությամբ դիմեց ցուցասրահի աշխատակիցներին և Ակադեմիայի ղեկավարությանը` մասնավորապես առաջին կուրսեցիներին ընդգրկելու, նման հնարավորություն նրանց ընձեռելու համար։ «Նկարում եք, ուրեմն պիտի ցուցադրվեք, աշխատանքները արվեստանոցում պիտի չմնան։ Դա կարևոր է նախ` ուրիշների արձագանքը զգալու, կարծիքներն իմանալու, նաև ձեզ համար՝ տեսնելու, թե նոր միջավայրում ինչպես են ձեր աշխատանքները երևում, ընկալվում»։
Ամառային պրակտիկայի ղեկավար Մեխակ Էլբակյանը տարիների փորձից գիտի կարևորությունն ամառային ուսումնական այսպիսի դասընթացների` որպես շարունակություն ուսումնական ակադեմիական գործընթացի. «Մենք շատ կարևորում ենք սա՝ հասկանալով, թե արվեստագետին որքան բան ունի սովորեցնելու բնությունը․ պլեները, օդը, տարածությունը, այս բոլոր խնդիրները մենք տեսնում ենք, թե ինչպես են ուսանողները աշխատանքի ընթացքում սովորում, զգում դա, հմտություններ ձեռք բերում։ Մենք աշխատում ենք այս պրակտիկաներն անպայման իրականացնել արդեն քանի տարի, և արդյունքը երևում է»։
Երեկվա ցուցահանդեսը՝ գեղանկարչության և գրաֆիկայի բաժնի տարբեր կուրսի ուսանողների, ասվածի վկայությունն էր։ Դիլիջանյան ամառային մթնոլորտը տեղափոխվել էր ակադեմիայի ցուցասրահ, գույնի ակտիվությունը կանաչի ու դեղինի հատկապես, էներգետիկ շատ դրական դաշտ էին ստեղծել։ Բնության անմիջական ազդեցությունը ներկա էր նկարներում, լույս ու սեր կար կանաչների մեջ։
Մելանյա Բադալյան