ՀԳՊԱ-ի Հետազոտական կենտրոնը մասնակցել է «Yerevan Tech Forum 2K23» աշխատաժողովին
ՀԳՊԱ-ի Հետազոտական կենտրոնը՝ թվային տեխնոլոգիաների վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրման և ինովացիոն միջոցների հետազոտությունների ներկայացման շրջանակներում մասնակցել է «Yerevan Tech Forum 2K23» միջազգային աշխատաժողովին։ Ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունների ցուցադրման, ինովացիոն միջոցների կիրառման, արհեստական բանականության գործածման և մի շարք այլ հարցերի քննարկմանն ու ներկայացմանն էր միտված սույն ֆորումը։
«Թվային փոխակերպում։ Առաջխաղացման ռազմավարություններ» խորագրով այս գարնան ամենահեղինակավոր իրադարձությունը՝ «Yerevan Tech Forum 2K23»-ը, համախմբել էր ստեղծագործ համայնքի մի շարք ներկայացուցիչների ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Մեծ Բրիտանիայից՝ քննարկելու թվային փոխակերպման միտումները։ Բացման արարողությանը մասնակցել և ելույթի խոսքով հանդես էին եկել «Skill – Event Marketing Company»-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ֆորումը լավ հնարավորություն էր հանդիսացել ապահովելու հետազոտության իրականացումը մի շարք արդի ինովացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ։