Ցուցահանդես նվիրված Ֆրանկոֆոնիայի տոնին
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, ամեն տարի մարտի 20-ին նշվող՝ նվիրված ֆրանսերեն լեզվին ու մշակույթին, մասնակիցներին համախմբում է ընդհանուր արժեքների շուրջը՝ համերաշխության, ժողովրդավարության, խաղաղության, իրավունքների գերակայության, հարգանք մշակութային բազմազանության հանդեպ։
Ֆրանկոֆոնիայի տոնի այս տարվան նվիրված երևանյան միջոցառումներից էր Ժամանակակից արվեստի թանգարանում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողների աշխատանքների համատեղ ցուցահանդեսը՝ աջակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և իհարկե՝ թանգարանի։ Ցուցադրությունը, որ կրում էր «Համերաշխություն և բազմազանություն» խորագիրը, ներկայացնում էր 31 ուսանողի 46 աշխատանք. հայ ուսանողներից բացի մասնակցում էին ուսանողներ արտերկրից՝ Չինաստանից, Վրաստանից, Ռուսաստանից։ Միմյանցից տարբեր մշակույթ կրող երիտասարդ մարդիկ, որոնց ստեղծագործական համախմբումը կայացել էր ընդհանուր գաղափարի, արժեքների շուրջ՝ խաղաղության ու համերաշխության։
Ցուցահանդեսի բացման խոսքում ՀԳՊԱ-ի միջազգային կապերի բաժնի ղեկավար Մերի Պատվականյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց կատարված աշխատանքը, ասելով. «Մենք հավաքվել ենք այստեղ նշելու ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոնիայի տոնը։ Այս առիթով երեք հաստատություն համախմբվել են նույն արժեքի շուրջը՝ խաղաղություն, համերաշխություն, սեր և հույս։ Սրանք այն արժեքներն են, որ ներշնչեցին ցուցահանդեսի խորագիրը։ Մեր ժամանակներում այս արժեքները տոնելը դարձել է անհրաժեշտություն, որոնց հանդեպ ունեցած վերաբերմունքն են արտահայտել ուսանողներն իրենց ստեղծագործություններում»։
Հյուրերին, մասնակիցներին ողջույնի և շնորհակալական խոսքով դիմեց Ֆրանսիայի դեսպան տիկին Անն Լույոն։ Ապա խոսքը փոխանցվեց Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանին։ Խոսելով մասնակիցների համագործակցության մասին, նա ներկայացրեց թանգարանի հավաքածուի իրենց կողմից առաջին անգամ ֆրանսերենով տպագրված մեծածավալ ալբոմը, օրինակներ նվիրելով հյուրերին։
Միջոցառման երաժշտական մասը ապահովեցին և մթնոլորտը ավելի աշխուժացրին Ֆրանսիական համալսարանի ուսանողները՝ հանդես գալով ֆրանսիական հայտնի և սիրված երգերով։
Ցուցահանդեսը մրցութային էր, և ժյուրիի անդամներին՝ դեսպան Անն Լույո, Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզի, ՀԳՊԱ-ի Գեղանկարչության և գծանկարչության ամբիոնի վարիչ Արամ Իսաբեկյան, Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյան, հնարավորություն տրվեց շրջելու և տեղում գնահատելու ներկայացված աշխատանքները։ Մրցանակային առաջին երեք տեղերին արժանացան Մարիամ Սարգսյանը, Արուսյակ Մինասյանը և Էրիկ Համբարձումյանը։ Մնացած բոլոր հեղինակներին շնորհվեցին մասնակցության վկայականներ դեսպանի կողմից։
Մելանյա Բադալյան