Գծանկարչության և գունանկարչության ամբիոնը՝ այս անգամ դասախոսների աշխատանքների ցուցահանդեսով
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի վերջին երկու ցուցահանդեսները Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գծանկարչության և գունանկարչության ամբիոնի՝ առաջինը ուսանողների, հաջորդը դասախոսների աշխատանքներն էին։ «Ուսանողները հնարավորություն ունեն տեսնելու, թե որպես ստեղծագործող ինչպիսի գեղարվեստական միտք, մտածողություն ունեն իրենց դասախոսները, հասկանալու նաև, որ մարդիկ, ովքեր դասավանդում են իրենց, մեծ ճանապարհ են անցել։ Հիանալի ցուցահանդես է, հիանալի աշխատանքներ են ներկայացված»,- բացման խոսքում ասաց ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը։
Իսկապես շատ հագեցած, հարուստ ու ներկայանալի ցուցահանդես է՝ թեմատիկայով, ոճով, ուղղությամբ, ասելիքով բավական բազմազան ու հետաքրքիր։ Գեղեցիկ, մեղմ բնանկարներ դասական ոճով, տպավորիչ նատյուրմորդներ, կոմպոզիցիաներ, միջավայրը, իրերն ու երևույթները տեսնելու, բնությունը զգալու ու վերարտահայտելու սեփական մոտեցումներ, գունային հետաքրքիր լուծումներ։
Հայացքը շոյող, դրական լիցքեր հաղորդող, մոնոխրոմային՝ կանաչի մուգ ու բաց երանգներով աչքի ընկնող Արթուր Հովհաննիսյանի «Ծաղիկներ» հանգստաբեր կտավը, Ավետիք Ավետիսյանի ծառերը՝ բաց գունաերանգներով, թեք լանդշաֆտները, Անդրեյ Շուգարովի գունագծային, միրաժային երեկոն, Վահե Գասպարյանի կոմպոզիցիոն երկու աշխատանքները «Ինչ է կատարվել մեզ հետ և դեպի ուր են մեզ տանում» միտքդ կրկին մեր այսօրվա, ապրած ժամանակի խառնակ, դեգրադացվող, բարոյական անկումների քաոտիկ վիճակներին տանող, ուր արժեքները հիմնովին շրջված են ու անհուսորեն քայքայվող, անհաստատուն աստիճանների՝ դեպի ցած տանող ճանապարհներով, այլակերպություններ… Մեխակ Էլբակյանի խոշոր ձուկը շալակին հոգեբանական գրոտեսկային կերպարը` բեռան ծանրությանը չդիմացող, փոքրամարմին հոգևորականի աղճատված հոգեվիճակը՝ հայացքի մեջ շփոթ թե՞ զարմանք, կամ՝ երկու մշուշոտ կերպար անորոշության մեջ, որպես անհույս հուսացողներ մեր օրերի… («Հույսի ճամփա»), ինքնաարտահայտումներ մարդու նախնական պատկերացումների՝ պարզ, բայց իմաստակիր նշանների գեղեցկությունը։
«Ես մասնակիցներից մեկն եմ, և չեմ կարող գովաբանել շատ, որովհետև այդ գովեստի տակ կընկնեմ նաև ես, բայց իրոք գովելի է։ Տարվա մեջ գոնե մեկ անգամ մեր դասախոսների ցուցահանդեսով այսպես ներկայանալը տրադիցիա է դարձել, փորձում ենք այն ինչ դասավանդում ենք, մեր գործերով, օրինակներով նույնպես ցույց տալ ուսանողներին»,- ասաց Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը։
Այս միտքը շարունակեց Գծանկարչության և գունանկարչության ամբիոնի վարիչ Վահե Գասպարյանը՝ դրվանանքի խոսքերով այն մարդկանց, ովքեր դասավանդելով հանդերձ ժամանակ են գտնում ստեղծագործելու. «Այս աշխատանքները ցույց են տալիս, թե որքան բարձր պրոֆեսիոնալներ ունի մեր ամբիոնը, այստեղի յուրաքանչյուր գործ ներկայանալի կարող է լինել եվրոպական և որևէ այլ երկրի ցուցահանդեսներին»։
Մելանյա Բադալյան