Ռումինացի պրոֆեսոր Վլադ Տոկան ՀԳՊԱ-ում
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի՝ ռումինական Կլուժ Նապոկա քաղաքի արվեստի դպրոցի հետ եռամյա համագործակցության ընթացքում արվեստաբանության բաժնի երկու ուսանող և մեկ դասախոս 2019 և 2020 թվականներին այցելել են այնտեղ, ծանոթացել դպրոցին, ուսուցման մեթոդներին: Այս տարվա գարնանը համաճարակի աստիճանական թուլացման պայմաններում արտաքին կապերի բաժինը հնարավորություն ունեցավ պայմանավորվածություն ձեռք բերել փոխադարձ այցելության: Արդեն մեկ շաբաթ է՝ Երևանում է Կլուժ Նապոկայի արվեստի դպրոցի պրոֆեսոր Վլադ Տոկան: Նա երկու դասախոսություն ունեցավ ՀԳՊԱ-ի արվեստաբանության բաժնի ուսանողների համար՝ 19-20-րդ դարերի ռումինական կերպարվեստի պատմության, ավանգարդ և մոդեռնիստական արվեստի և դրանց դրսևորումների մասին ռումինացի նկարիչների գործերում:
Այցը, ինչպես ասում է արտաքին կապերի բաժնի վարիչ Մերի Պատվականյանը, ունի նաև ուսումնասիրության բնույթ՝ ծանոթանալու մեր ակադեմիայի պատմությանը, կառուցվածքին, դասավանդման մեթոդներին, այն ներկայացնելու իրենց մոտ, որպեսզի նաև ռումինացի ուսանողներ Հայաստան այցելեն. գաղտնիք չէ, որ նրանք նախապատվությունը տալիս են եվրոպական երկրներին: Մի քանի օրվա տպավորությունը մեր քաղաքից, ճարտարապետությունից, մշակույթից, դրական է:
Դասախոսության առաջին մասում Վլադ Տոկան պատմեց Կլուժ Նապոկայի մասին. ոչ մեծ քաղաք, հայտնի դեռևս 12-րդ դարերից՝ Ռումինիայի պատմական Տրանսիլվանիա նահանգում: Այս փոքր քաղաքը, սակայն, արվեստի ասպարեզում բավական դերակատարում ունի: Նա հանգամանորեն խոսեց քաղաքի տարբեր թանգարանների, պատկերասրահների մասին, որտեղ ցուցադրվում են ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից արվեստի նմուշներ: Ամեն ինչ սկսվում է 2000-ականներին մի ձեռնարկատիրոջ կողմից վրձնարտադրության գործարանի գնման, ապա տարիներ անց այդ շենքը արվեստագետներին վարձակալության տալուց, որոնք էլ այն դարձնում են ստուդիաների, ցուցասրահների գրավիչ վայր: Արվեստի տարաբնույթ միջոցառումների շնորհիվ նախկինում պրովինցիալ համարվող քաղաքը մեծ հետաքրքրություն է սկսում առաջացնել: Ցուցասրահների մի մասի՝ փոքր կոմերցիոն պատկերասրահների աշխատանքներն ուղղված են փնտրել- գտնելու երիտասարդ արվեստագետների և նրանց հանրությանը ճանաչելի դարձնելուն: Էկրանին համընթաց ցուցադրվող կադրերը առարկայական էին դարձնում ունկնդրումը. ներկայացված բազմաթիվ, բազմաոճ ինտերիերով ցուցասրահների մեջ նա անդրադարձավ ևս մեկին, որին վերագրվում է հայկական ծագում:
Կլուժ Նապոկայում կյանքը աշխուժություն է ապրում արվեստի շնորհիվ. տարբեր էքսպոներ, ուսանողական ծրագրեր, ցուցահանդեսներ , այդ թվում նաև՝ մրցանակային, կյանքի են կոչվում: Այս ամենը մեծապես նպաստում է քաղաքի արվեստի դպրոցի ձևավորմանը: Դպրոցը մի քանի մասնաշենքերից կազմված ուսումնական հաստատություն է: Էկրանին ցուցադրվեցին ադմինիստրացիայի, արվեստի մանկավարժության և գեղանկարի, գրաֆիկայի, քանդակի, կերամիկայի, հագուստի մոդելավորման, ապակու, ռեստավրացիայի, արվեստի պատմության և տեսության բաժինների մասնաշենքերը, հատկապես վերջինը՝ քաղաքի կենտրոնում բարրոկո ոճի մի գեղեցիկ պատմական շենք է, որտեղ և աշխատում է Վլադ Տոկան: Դպրոցի հանրաճանաչման գործում մեծ դեր են ունեցել տեղի շրջանավարտ մի քանի նկարչի միջազգային ճանաչումը՝ լոնդոնյան և փարիզյան հայտնի Sotheby և Christie աճուրդի տներում նրանց հաջողությունները, նկարների՝ միլիոնավոր դոլարներով վաճառելու հանգամանքը. դրանցից մեկը վաճառվել է մոտ 9 միլիոնով: Սա, ինչ խոսք, երևույթ էր Կլուժ Նապոկայի ոչ միայն արվեստային, նաև հանրային կյանքում. մամուլի բազմաթիվ արձագանքներ հայտնի դարձրին այս արվեստագետների անունները, որն իր անմիջական ազդեցությունն ունեցավ դպրոցի ճանաչման վրա՝ առաջացնելով հետաքրքրություն, ապահովելով ուսանողների հոսք, որոնք ձգտում էին գնալ նրանց կոմերցիոն հաջողությունների հետքերով:
Դասախոսության երկրորդ մասը նվիրված էր քաղաքի նշանավոր նկարիչների ստեղծագործությունների ընդհանուր բնույթին, ուղղություններին, կատարման տեխնիկային: Զուգահեռներ տարվեցին ավագ և կոմունիզմի փլուզման շրջանի առաջին սերնդի նկարիչների գեղարվեստական մտածողության տարբերությունների, փոփոխությունների միջև, խոսվեց կյանքի նոր իրողությունների՝ նրանց աշխարհընկալման, պատկերացումների վրա ունեցած ազդեցությունների և ստեղծագործությունների մեջ դրանց դրսևորումների մասին: Արևմտաեվրոպական երկրներ շրջագայելու արվեստագետների հնարավորությունը չէր կարող չունենալ ազդեցություն նրանց գործերում. շատ ավելի տիրապետող սկսեց դառնալ ավանդական արվեստի և մեդեռնի փոխկապակցությունը, տեղի՝ ռումինական ավանդական արվեստը հագեցվեց նոր տարրերով, մի շարք նկարիչների աշխատանքներում մուտք գործեցին մոդեռն արվեստի, ապա և պոստմոդեռնիզմի տարրեր՝ ավանդական մոտեցումները մղելով ետին պլան. «նրանք սկսեցին խոսել մի լեզվով, որ հասկանալի է արևմուտքին»: Էկրանի ցուցադրությունները բավական լավ պատկերացում ստեղծեցին նկարչական ուղղությունների, մաներաների, ավանդական դպրոցի մոտեցումների և ժամանակակից մտածողության էլեմենտների զուգակցման, ինչպես և ինստալացիոն արվեստի մասին: Հաջորդ օրվա դասախոսությունը շարունակությունն էր արվեստի, նկարչության հիմնահարցերի, նաև ժամանակակից արվեստում կատարվող փոփոխությունների մասին:
Մելանյա Բադալյան