Վերաբացված՝ վերանորոգ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցարահում
2001 թվականի մայիսից Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան ունեցավ իր ցուցասրահը։ Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի գործադրած ջանքերը, տարիների երազանքն իրականացավ՝ ստեղծելու ավելի ստեղծագործական միջավայր, հնարավորություն տալու ուսանողությանը իրենց սովորածի, աշխատանքի ցուցադրության, հանրային ներկայացման, ինչը շատ անհրաժեշտ է ակադեմիայի ուսանողներին և սպասված։ Ցուցասրահը անվանակոչվեց բարերարի՝ ամերիկահայ գործարար, Արամ Իսաբեկյանի ընկերոջ՝ Ալբերտ Բոյաջյանի և նրա տիկնոջ պատվին։
Անցնող երկու և ավելի տասնամյակներին ցուցասրահի գոյությամբ իսկապես փոխվեց ուսանողական կյանքը, նոր որակ ստացավ։ Հարյուրավոր ցուցահանդեսներ են բացվել այստեղ՝ թե ուսանողների, թե դասախոսների, եղել են նաև դրսի արվեստագետների գործերի ցուցադրություններ, նաև՝ արտերկրից։ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի աշխատանքային կանոնավոր ընթացքը ապահովում են աշխատակիցներ Իրինա Իսաբեկյանը և Լիանա Խաչատրյանը։
Այս ուսումնական տարի ցուցասրահը ժամանակային որոշակի ընդհատում ունեցավ վերանորոգման՝ երկարաձգելու պատճառով։ Առաջին ցուցահանդեսը վերանորոգումից հետո կայացավ երեկ՝ ակադեմիայի Գեղանկարչության և գծանկարչության ամբիոնի դասախոսների աշխատանքների բավական տպավորիչ ցուցադրությամբ, որի բացմանն Արամ Իսաբեկյանն իր խոսքում մասնավորապես ասաց․ «Լավ է, որ ցուցահանդեսների շարքը բացվեց. ամենահիմնական ամբիոներից մեկը Գեղանկարչության և գծանկարչության ամբիոնն է, որի դասախոսների ջանքերով բացվեց այս ցուցահանդեսը։ Դասախոսների աշխատանքների ցուցադրությունը կարևոր է, այն հաշվետվություն է ուսանողների համար։ Ուրախ եմ, որ նորից գործում է ցուցասրահը։ Այն կրկին հնարավորություն կտա տեսնել տաղանդավոր մարդկանց աշխատանքներ ոչ միայն մեզ, նաև արվեստասեր հանրությանը»։
Ակադեմիան և իր ցուցասրահը հարազատ միջավայր են Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի համար՝ հիշողություններ արթնացնելու առիթ՝ անցած ուսանողական տարիների, առաջին անհատական ցուցահանդեսի։ «Սա կարևոր, անհրաժեշտ հնարավորություն է հատկապես ուսանողների համար, և կարելի է ասել հանրապետությունում ուրիշ տեղ չկա»։
ՀԳՊԱ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը, ողջունելով Արամ Իսաբեկյանի՝ ցուցահանդեսի անցկացման նախաձեռնությունը և կատարված աշխատանքը, հույս հայտնեց, որ այն շարունակական կլինի, առնվազն կիսամյակը մեկ նման ցուցահանդեսներ կլինեն, հատկապես՝ նոր աշխատանքների. «Կարծում եմ դասախոսները դասավանդմանը զուգահեռ կարող են զբաղվել ստեղծագործական գործունեությամբ՝ հնարավորություն տալով կոլեգաներին և ուսանողներին հաղորդակից լինել իրենց ապրումներին ու զգացումներին»։
Մելանյա Բադալյան