
Ազգային գրադարանային շաբաթ
«Գրադարանային աջակցություն հետազոտողներին» և «Ինչ է ORCID»-ը
Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում ՀԳՊԱ-ի Հետազոտական կենտրոնը մասնակցել էր Հայաստանի ազգային գրադարանի կողմից կազմակերպված երկու հանրային դասախոսության՝ «Գրադարանային աջակցություն հետազոտողներին» և «Ինչ է ORCID»-ը թեմաներով։
Առաջին հանրային դասախոսությունը վարեց Ռումինիայի Բրաշովի Տրանսիլվանիայի համալսարանի անգլերենի և մարքեթինգի դոկտոր, պրոֆեսոր Անջելա Ռեպանովիչին։ Նա ներկայացրեց գիտաչափական ցուցանիշների բարելավմանը նպաստող մի քանի հնարավորություն. հետազոտական գրականության մատչելիություն և տվյալների կառավարում, հանրահասանելի հրապարակում, մեջբերումների կառավարում, մատենաչափական վերլուծություն։
Ռեպանովիչին նշեց, թե ինչպես կարող են գրադարաններն օգնել հետազոտողներին չափել իրենց ուսումնասիրությունների ազդեցությունն ու արդյունավետությունը՝ կիրառելով հետազոտական տվյալների կառավարման և մեջբերումներ անելու լավագույն փորձը, ինչպես նաև առաջարկել մատենաչափական վերլուծության ծառայություններ։
Երկրորդ դասախոսությունը վարեց ԲՊՀ-ի գրադարանի էլեկտրոնային տեղեկատվության բաժնի պետ Արմինե Վարդանյանը։ Նա ներկայացրեց ORCID համակարգը՝ գիտնականների միասնական միջազգային ռեգիստրը, չարտոնագրված այբբենական կոդ, որը եզակիորեն նույնականացնում է հեղինակներին: Դասախոսության ընթացքում շոշափվեցին հետևյալ թեմաները. ինչպես գրանցվել ORCID համակարգում, մուտքագրել անձնական տվյալները և հրատարակված աշխատությունները, ORCID նույնացուցիչը միջազգային գիտաչափական և վարկանշային հարթակներում գեներացնելը։
Սույն դասախոսությունների և նմանատիպ այլ սեմինար-քննարկումների մասնակցությունները միտված են հետազոտական գործունեության նորարարական մոտեցումների վերաբերյալ ՀԳՊԱ-ի Հետազոտական կենտրոնի փորձի ձեռքբերմանն ու համապատասխան շահառուների շրջանում ոլորտի տարածմանը։