«Տառարվեստ»
Տիգրան Սոսոյանի ցուցահանդեսը
ՀԳՊԱ-ի Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոս Տիգրան Սոսոյանի «Տառարվեստ» խորագրված անհատական ցուցահանդեսը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում երեկ բացված, նվիրված է հեղինակի հոր՝ նկարիչ, գրաֆիկ-ձևավորող Միհրան Սոսոյանի ծննդյան 95-ամյակին։ Այս առիթով տպագրված է նաև կատալոգ, որի առաջաբանում Հայաստանի Դիզայներների միության նախագահ Աշոտ Բաղդասարյանը ներկայացնելով հեղինակի՝ հայկական տառարվեստի ասպարեզում ունեցած ձեռքբերումներն ու առանձնահատկությունները, նաև հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում մեր տառարվեստի պատմության. այն մասին, որ առայսօր պահպանված է հայկական գրային համակարգի 30 000 հիշատակում, մեծամասամբ ձեռագրեր, և մեր տառերը ստեղծման օրվանից չեն ենթարկվել ձևաստեղծման արմատական փոփոխությունների և որ հայկական տառարվեստը որպես ազգային կարևորագույն արժեք ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։
Տիգրան Սոսոյանի տարիների նվիրումը տառերի մշակման, գրքի, թերթերի ձևավորման ասպարեզում արդյունավորվել է երկու տասնյակից ավելի հայկական նոր տառատեսակների ստեղծումով։ Ցուցահանդեսի բացման խոսքում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը կարևորեց նրա գործի նշանակությունը հայկական տառարվեստի զարգացման մեջ, մասնավորապես դիզայնի ոլորտում դրանց կիրառման և հատկապես փոխելու լատինատառ գրերին, կիրիլիցային առավելություն տալու ուսանողների մեջ տարածված մտայնությունը։
Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը գնահատելով Գեղարվեստաթատերական ինստիտուտում ժամանակին աշխատած Միհրան Սոսոյանի հիշատակի ցուցահանդեսային այս նվիրումը, հիշատակեց նրա հրաշալի ձևավորված գրքերը, վաստակը գրքի ձևավորման ասպարեզում։ Հիշատակեց նաև տառարվեստին նվիրված Էդիկ Ղաբուզյանի աշխատանքների նախորդ ցուցահանդեսը, նշելով հեղինակների ստեղծած տառատեսակների ակնհայտ տարբերություններն ու յուրաքանչյուրի առանձնահատկությունները՝ առանց դույզն-ինչ ընդօրինակման, միաժամանակ կարևորեց այդ շրիֆտների՝ տառադարանում ունենալու և դրանք կիրառելու անհրաժեշտությունը։
Համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանը, որ ժամանակին աշխատել էր Միհրան Սոսոյանի հետ, դրվատանքով խոսեց վաստակած մարդու հիշատակի հանդեպ հարգանքի տուրքի, պարտքի ու պատասխանատվության մասին։ Անդրադարձավ բաժնի շնորհալի ուսանողների աշխատանքներին, միջազգային մրցույթների նրանց մասնակցության և մրցանակներ շահելուն, որի մեջ իր ներդրումն ունի Տիգրան Սոսոյանը։
Արվեստագիտության ամբիոնի վարիչ Քնարիկ Ավետիսյանը ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունների միջոցով տառատեսակների նկատելի ձևախեղումները համարեց հայկական տառերի ներքին ստրուկտուրայի, համակարգի չիմացության հետևանք։ Տիգրան Սոսոյանի տառարվեստը գնահատեց հայկական ձեռարվեստի դպրոցներում մշակված ավանդույթների շարունակություն, ժառանգության կրող, նշելով հեղինակի կատարված փոփոխությունների համաչափության ներդաշնակությունը հայկական տառերի ներքին բովանդակությանը, պլաստիկային։
Ցուցահանդեսին ներկա էին Ճարտարապետաշինարարական համալսարանի դասախոսներ, որոնց հետ նույն բուհում համատեղության կարգով աշխատում է Տիգրան Սոսոյանը։ Սուքիաս Թորոսյանի համար առավել գնահատելին ուսանողների հետ աշխատելու Սոսոյանի մեթոդն է. «Նա ուսանողներին սովորեցնում է նոր տառատեսակներ հորինել»։ Հանգամանալի անդրադարձ կատարեց Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանը. «Այսօրվա մեր իրականության մեջ շատ քիչ արվեստագետներ են համարձակվում մտնել շրիֆտային ոլորտ. պատասխանատու և ծավալային աշխատանք է։ Հայկական երկու տասնյակից ավելի տառատեսակներ ստեղծվել են Տիգրան Սոսոյանի քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Նա տիրապետում է տառերի և նշանների վերլուծության և գնահատման ինքնատիպ կարողության, որի հիմքում դրված է պլաստիկայի զգացողությունը և տառերի անատոմիայի իմացությունը։ Այն մեծ ձեռքբերումը, որ Սոսոյանը և իր ընկերները ունեցել են այս ոլորտում, Հայաստանում մեծ շարժ առաջացրին հրատարակչական, համակարգչային տառատեսակների ստեղծման և դրանց կիրառման։ Դրական է գնահատելի նաև նրա մանկավարժական գործունեությունը. պետական այս երկու բուհերում, որտեղ բարեբախտաբար ծրագրային է տառային գրաֆիկա կամ տիպոգրաֆիկա առարկան, տալիս է հնարավորություն երիտասարդ սերնդին ավելի գիտակ լինելու, փնտրելու նոր ճանապարհներ, ստեղծագործելու նոր ձևեր ու հնարավորություններ։ Մաղթանքս է, որ Սոսոյանը շարունակի իր աշխատանքը նույն ոգևորությամբ և հետևողականորեն՝ իր անունը ապագայում թողնելու տառաստեղծ այն նկարիչների շարքում, ովքեր հպարտությունն են հայկական տառային գրաֆիկական արվեստի»։
Մելանյա Բադալյան