Տպավորություններ հունգարական համալսարանից
2022-ի սեպտեմբերից մինչև 2023-ի հունվարը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գեղանկարչություն կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Գրիգորյանը և Գրաֆիկա կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Ծովինար Մանուկյանը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում մեկ կիսամյակ ուսանել են Հունգարիայի Էգեր քաղաքի Կարոյ Էստերհազիի անվան համալսարանում։ Ստորև ներկայացնում ենք նրանց տպավորությունները վերոնշյալ բուհից, քաղաքից և կրթական միջավայրից։
«Շնորհակալ ենք Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արտաքին կապերի բաժնի աշխատակազմին այս հնարավորության համար։ Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում Հունգարիա այցելելը և այնտեղ ուսանելը մեզ համար մեծ փորձ էր։ Բացի այն որ ձեռք բերեցինք նոր մասնագիտական գիտելիքներ, նաև պատիվ ունեցանք ներկայացնել մեր երկիրը և ՀԳՊԱ-ն, քանի որ առաջին ուսանողներն էինք, ովքեր այցելեցին և մեկ կիսամյակ կրթություն ստացան հունգարական Էգեր քաղաքի Կարոյ Էստերհազիի անվան համալսարանում։ Այդ փոքրիկ Եվրոպական քաղաքը մեծ ազդեցություն թողեց մեզ վրա։ Նաև ծանոթացանք Հունգարական արվեստի և արվեստագետների, դասախոսների հետ։ Սա ուսանողների համար անչափ կարևոր փորձ է, ուրախ կլինենք, որ այն լինի շարունակական այլ ուսանողների համար ևս»։