Գետիկ Բաղդասարյանի «Էությունը»
Խորագրային բառը, որ ընտրել է իր ցուցահանդեսի համար քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը, կարելի է ասել, դեպի խորքեր տանող, անվերջորեն խորհելու, ծավալվելու է տանում միտքը։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում նրա վերջին տարիների աշխատանքները` նշանավոր արվեստագետների դիմաքանդակներ, ներկայացված են «Էություն» խորագրի ներքո։
Սովորաբար այնպիսի ցուցահանդեսներում, որոնց էքսպոզիցիան բաղկացած է լինում միայն անցյալի, ներկայի նշանավոր արվեստագետների պորտրետներից, ցուցահանդեսային միջավայրի էներգետիկան փոխվում է, հավանաբար հոգեբանական է ինչ-որ առումով, որովհետև դիտողը հայտնի արվեստագետների դիմանկարի կամ քանդակի մեջ փնտրում է ոչ այնքան արտաքին նմանության դետալներ, որքան զգալ է ուզում նրանց ստեղծագործության ոգին, էությունը։ Սրահում ներկայացված Դանթեի, Սայաթ Նովայի, Պարույր Սևակի, Համո Սահյանի, Մարտիրոս Սարյանի դիմաքանդակներում քանդակագործը նրանց արվեստը բացահայտում է, հայտնաբերելով ստեղծագործողի ներքին աշխարհը՝ էությունը:
Արտաքին առաջին շերտը՝ վիզուալը, որ ավելի հեշտ է, զուտ դրա վրա շեշտադրում կատարելով, հնարավոր չէ հասնել արտահայտչականության, մանավանդ հայտնի անհատի քանդակը եթե չունի իր ստեղծագործությանը բնորոշ կնիքը, դիտողին ոչինչ չի փոխանցի։ Էությունը, անհատականությունը բացահայտելու և ընդգծելու միջոցով է, որ դիմաքանդակը կամ դիմանկարը դառնում է արվեստի գործ։ Եվ որքան էլ քանդակագործությունը ամենանյութականն է արվեստների մեջ, դրանով իսկ նաև բացառիկ է, որ կոշտ նյութը ենթարկեցնում է մարդու կամքին, կարծր քարը, մետաղը կամ փայտը կարող է այնքան նոսրանալ, դառնալ թեթև, թափանցիկ, այնպիսին, որ դիտողին փոխանցելի լինի մարդկային զգացումների նույնիսկ ամենանուրբ շարժերը` հուզականության աստիճան անգամ։ Ահա թե ինչու հեղինակն իր խոսքի մեջ ընդգծում էր էություն բառը` կարևորելով մարդու ներաշխարհի բացահայտումը, ճանաչումը, արտաքնային նմանությունները համարելով ավելի երկրորդական։
Ցուցահանդեսի բացմանը ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանը կարևոր նկատառում արեց. «Այսպիսի արվեստագետները, Գետիկ Բաղդասարյանի նման բարձր տաղանդի տեր պրոֆեսիոնալ արվեստագետները ցուցահանդեսներ չեն բացում հաճախակի, որովհետև արժեքը գիտեն ցուցահանդեսի։ Եվ լավ է, որ այսօր հարազատ օջախում է բացում, ակադեմիայում, որի լավագույն մանկավարժներից է նա, երկար տարիներ ղեկավարել է քանդակագործության ամբիոնը»:
Միասին նրանք անցել են արվեստագետների՝ փոխադարձաբար բարի ցանկությունների ճանապարհ. «Նրա քանդակները հայտնի են, հայտնի իրենց ինքնատիպությամբ, ոճով։ Շփոթել այն հնարավոր չէ. սա արվեստագետի ամենաբարձր գնահատականն է»,- նշեց Արամ Իսաբեկյանը։
Քանդակագործության ամբիոնի վարիչ Գարեգին Դավթյանը Գետիկ Բաղդասարյանին համարեց գրեթե դասական դարձած, ասաց, որ նա ներկայացնելու կարիք չունի։ «Ռեմարկ ձևով արտահայտված այս ցուցահանդեսը իհարկե չի կարող հավակնել Գետիկ Բաղդասարյանի վերջին տարիների աշխատանքների ներկայացման, որոնք մեկ գծի վրա, մեկ ուղղությամբ, սևի դետալներով արված պորտրետային գործեր են։ Նա մեծ քանակությամբ մոնումենտալ ստեղծագործությունների հեղինակ է և արդարացիորեն կրում է Ժողովրդական նկարչի բարձր կոչումը»։
Ամենաինքնաբավ, ինքն իր ներսում ապրող արվեստագետն անգամ կարիք ունի իր մտքերով, հույզերով, վերաբերմունքներով այլոց հետ կիսվելու, որոնց խտացված արձագանք-արտահայտությունները նրա ստեղծագործություններն են, արվեստն էլ ի վերջո լինելով հաղորդակցության բարձր ձևերից մեկը, հեղինակի ներաշխարհային զրույցն է դրսի աշխարհի հետ։ Այս մասին էր Գետիկ Բաղդասարյանի խոսքը, մարդու էությունը խոսեցնելու մասին են նրա երեկվա ցուցահանդեսի աշխատանքները։
Մելանյա Բադալյան