Փնտրելով և վերափոխելով հինը
Լուսինե Ավետիսյանի անհատական ցուցահանդեսը
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահն այս ուսումնական տարին բացեց Դեկորատիվ կիրառական արվեստ կրթական ծրագրի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Ավետիսյանի «Իմ ներաշխարհը» խորագրով անհատական ցուցահանդեսով։
Ռեկտոր Արամ Իսաբեկյանը ողջունելով ներկաներին, ուսանողուհուն, ասաց, որ Լուսինեն արվեստում արդեն իր հայտը ներկայացրել է, ցույց տալով, թե ինչպիսին պիտի լինի մեր ընթացքը։ «Նա ստեղծագործում է այսօր բավական պահանջ ունեցող արվեստի տեսակում, խեցեգործությունը իմ նախընտրած արվեստներից է, մտածում եմ, երբ պիտի գա այն օրը, որ ես էլ սկսեմ զբաղվել խեցեգործությամբ»։
Դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Մարիա Բաբյանը` շնորհակալությամբ ցուցասրահի աշխատակիցներին նման հնարավորության և Լուսինեին` նրա տարբերվող մտածողության, անընդմեջ ստեղծագործելու, որոնելու մղումի համար, ներկաների ուշադրությունը հրավիրեց հեղինակի այն աշխատանքներին, որտեղ նա օգտագործել է հին, մաշված, այլևս անպիտան իրեր, օրինակ`պատուհանի դեն նետված շրջանակներ, որոնք կերպափոխվել, արվեստային են դարձել կավապատումի, ճաշակավոր դեկորացիաներ կիրառելու միջոցով։
Գծանկարչության և գունանկարչության ամբիոնի վարիչ Վահե Գասպարյանը առաջին կուրսից դասավանդելով նրան, հետևել է Լուսինեի ստեղծագործական աճին. նշելով, որ նա հանրակրթական դպրոցից է արվեստի բուհ եկել և որքան առաջընթաց է ունեցել այս ընթացքում։ «Մենք առաջին կուրսեցիներին ենք հրավիրել, որպեսզի նրանք տեսնեն, թե որտեղից է ակադեմիան կրթությունը սկսում, ուր է տանում և ինչպիսի մասնագետներ է պատրաստում։ Այս ցուցասրահի, մեր բողոր դասախոսների աշխատանքները նպաստում և միտված են Հայաստանում արվեստի զարգացմանը, միջազգային մակարդակի մասնագետների պատրաստմանը։ Այս ցուցահանդեսը ուսման հինգ տարիների, ստացած գիտելիքի ու փորձի, ստեղծագործական ազատության արդյունք է։ Աշխատանքներում հետաքրքիր տրանսֆորմացիաներ են կատարվել. նա կարողացել է սինթեզել խեցեգործությունը կոլաժի հետ, կոլաժը` նկարչության»,- ասաց Գասպարյանը։
Արամ Իսաբեկյանն էլ ավելացրեց, որ ակադեմիայի ղեկավարությունը ամեն հնարավորը արել է` Դեկորատիվ կիրառական արվեստի բաժինը զարգացնելու, լաբորատորիան նոր տեխնիկայով, սարքավորումներով համալրելու։
Լուսինե Ավետիսյանի շնորհակալական խոսքն ուղղված էր դասախոսներին, ցուցասրահի աշխատակիցներին, նաև իր համակուրսեցիներին։ Ուսանողներին սեփական փորձից ելնելով խորհուրդ տվեց չվախենալ նոր, համարձակ քայլ անելուց, ինչի մասին խոսեց նաև Վահե Գասպարյանը նշելով, որ Լուսինեն արվեստի դպրոցի որևէ փորձ չունենալով, հատկապես երրորդ կուրսից, երբ ստեղծագործական առաջադրանքներն են սկսվում, երբեք չի հրաժարվել ու վստահ ընդառաջ է գնացել յուրաքանչյուր նոր գաղափարի, նոր քայլի։
Այս ցուցահանդեսը հենց դրա վկայությունն է, ստեղծագործական ազատ մտքի հնարավորության, թե ինչպես է հնարավոր անգամ հնացած, անպետք իրերը էսթետիկ տարրերի միջոցով վերափոխել, նյութը կերպափոխել, նրան տալ նոր արժեք, նոր դեր, շրջել հին կյանքը, նրա բնույթը։ Իր խոսքերով` անկենդան իրերը շարունակում են նոր կյանքով ապրել արվեստի մեջ` ինչ-որ առումով նաև բացահայտելով հեղինակի ներաշխարհային շերտեր։
Մելանյա Բադալյան