Ցուցահանդես՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի օրվան
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում երեկ բացված «Փարիզը հայ նկարիչների աչքերով» ցուցահանդեսը նվիրված էր ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան ֆրանսիական արվեստի բուհերի հետ տասը և ավելի տարիների համագործակցության ընթացքում մշտապես մասնակցել է Ֆրանսիայի համար կարևոր համարվող ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան։ Այս տարվա ցուցահանդեսային աշխատանքների հեղինակները և՛ դասախոսներ և՛ ուսանողներ էին․ ներկա էին Արամ Իսաբեկյանի, Սուրեն Սաֆարյանի, Արթուր Հովհաննիսյանի, Անդրեյ Շուգարովի, Գարիկ Մանուկյանի, դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների գործեր։
Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, բացման խոսքում ողջունելով մասնակիցներին և ներկաներին, ջերմորեն արտահայտվեց Հայաստանի և Ֆրանսիայի վաղեմի բարեկամական կապերի մասին, մասնավորապես ուշադրություն դարձնելով Միջերկրականի տարածքում սփռված հայկական գաղթօջախներում ապրող հայերի վրա ֆրանսիական մշակույթի թողած ազդեցություններին։
Ինքը՝ Արամ Իսաբեկյանը Ֆրանսիային, Փարիզին նվիրված բազմաթիվ շարքեր ունի՝ տարբեր տարիներին Փարիզում անցկացրած օրերի տպավորությունների, որոնցից մի քանի աշխատանքներ ներկայացված էին այս ցուցահանդեսին։ «Ֆրանսիան հայերին բարեկամ երկիր է, արվեստի երկիր է՝ դարերով հաստատված, և շատ սիրելի հայերի, մանավանդ արվեստագետների, նկարիչների, ստեղծագործողների համար։ Երազի երկիր է Ֆրանսիան, և լավ է, որ հնարավորությունները բացված են լինելու այնտեղ․ կապերը շատ են։ Ուրախ եմ, որ մենք մասնակից ենք ֆրանկոֆոնիայի օրերին, որ շատ կարևոր է Ֆրանսիայի համար, ֆրանսիական կուլտուրայի, լեզվի, գիտության կարևոր հարթակ է ֆրանկոֆոն երկրների միավորման։ Պատմականորեն հայերը կապված են ֆրանսիական մշակույթի հետ, քանի որ այն երկրներում, որտեղ հայերն են տարածվել և ձևավորել համայնքներ՝ Լիբանան, Սիրիա, ֆրանսիական ներկայությունը շատ կարևոր է եղել»,- ասաց նա։
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը շնորհավորելով մասնակիցներին՝ խոսեց այն կապերի մասին, որ տարիների ընթացքում ձևավորվել են ՀԳՊԱ-ի և ֆրանսիական արվեստի դպրոցների, մասնավորապես Մարսելի արվեստի դպրոցի հետ՝ ուսանողների շարժունության առումով հատկապես։ Եվ ուրախալի լուր հայտնեց, որ այս տարվանից ակադեմիան համագործակցության ևս մեկ պայմանագիր կունենա՝ այս անգամ Փարիզի արվեստի բարձրագույն դպրոցի հետ։
Նախապես մարտին ծրագրված ցուցահանդեսին մասնակցության ցանկություն էր հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան տիկին Անն Լույոն։ Ցուցահանդեսի բացումից քիչ անց նա այցելեց ցուցասրահ, հետաքրքրությամբ դիտեց բոլոր աշխատանքները, հընթացս կիսվելով իր տպավորություններով։ Տիկին դեսպանին դուր եկավ նկարչական այն ընդհանուր մոտեցումը, երբ ստեղծագործողները Փարզը տեսնում են ոչ միայն Նոտր Դամով կամ Էյֆելով, այլև իրենց զգացողությունները, տպավորություններն են փոխանցում կտավին, արտահայտչաձևերը աբստրակտ ոճի մեջ են։
Ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի միջազգային կապերի բաժնի վարիչ Մերի Պատվականյանն է։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներ։
Մելանյա Բադալյան