Դրամաշնորհի հնարավորություն՝ «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» կողմից
«Մանուկյան Սիմոն հիմնադրամի», փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցությամբ մեկնարկել է «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» գործունեությունը։ Հիմնադրամի նպատակը կառավարության համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ հետազոտությունների իրականացումն է հայաստանյան բուհերի կողմից։ Նախաձեռնությունը միտված է հետազոտական կարողությունների զարգացմանը, փաստերի վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակմանը և կրթություն-գիտական հանրույթ կապի ամրապնդմանը։
«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը» (ՄՍՀՀ) սկսել է դրամաշնորհ ստանալու դիմումներ ընդունել՝ ՀՀ կառավարության համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու նպատակով: Հայտեր կարող են ներկայացնել ինչպես փորձառու հետազոտողները, այնպես էլ համալսարանների ուսանողները:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս․թ․ մարտի 24-ն է: Մրցույթի արդյունքների հրապարակումը տեղի կունենա ս․թ․ մարտի 29-ին:
Պահանջները հետազոտողների համար.
- Կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային հետազոտողները։
- Հետազոտողները կարող են դիմել ինչպես անհատապես, այնպես էլ խմբով: Հետազոտական խմբի ղեկավարը պետք է ամբողջական դրույքով աշխատի հայաստանյան որևէ բուհում։
- Նախապատվությունը տրվելու է հիմնականում համալսարանի աշխատակիցներից կազմված խմբերին։
- Նախապատվությունը տրվելու է այն խմբերին, որոնք հետազոտության իրականացման գործընթացում կներգրավեն ուսանողի։
- Հետազոտության իրականացման ակնկալվող ժամկետը մեկ տարի է։ Հետազոտությունը մեկ տարուց ավել կամ պակաս ժամանակահատվածում իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորում։
Պահանջներն ուսանողների համար
- Դիմորդը պետք է լինի հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատության բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանող։
- Կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային ուսանողները։
- Դիմողը պետք է ներկայացնի երաշխավորագիր ուսումնական հաստատությունից։
- Հետազոտության իրականացման ակնկալվող ժամկետը վեց ամիս է։ Հետազոտությունը վեց ամսից ավել կամ պակաս ժամանակահատվածում իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորում։
Դիմումների ընդունման գործընթացը
- Կայքից բեռնեք դիմումի ձևը։
- Լրացրեք այն հայերենով կամ անգլերենով։
- Լրացված դիմումը ուղարկեք հետևյալ էլ․ փոստի հասցեով՝ MSRFpanel@aua.am
- Յուրաքանչյուր դիմորդ (խմբի ղեկավար) տվյալ հետազոտության թեմայի համար կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:
Մրցույթի արդյունքների ամփոփումը
Մրցույթի հաղթողն ընտրվում է մրցակցային գործընթացի միջոցով, որի ժամանակ դիմորդները գնահատվում են ըստ իրենց ներկայացրած հայտի մեթոդաբանության, հետազոտության համար պահանջվող գումարի, համապատասխան մասնագիտական փորձառության։
- ՄՍՀՀ-ի աշխատանքները համակարգվում են Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ:
- Որոշ դեպքերում կարող է կոնկրետ նախագծի համար սահմանվել ֆինանսավորման առավելագույն չափ։
Դիմումի ձևը ներբեռնելու և հետազոտությունների թեմաներին ծանոթնալու համար անցեք հետևյալ հղումով՝ www.msrf.aua.am