Ռուդոլֆ Բարսիկյանի «Թվային կյանքը»
ՀԳՊԱ-ի հարգելի ուսանողներ և դասախոսներ, ձեզ ենք ներկայացնում արվեստաբան, նկարիչ Ռուդոլֆ Բարսիկյանին, որը շուտով կներկայացնի իր վերջին աշխատանքները, որտեղ միախառնվում են թվային աշխարհն ու ինստալացիան։ Բարսիկյանը Հայաստանում կլինի 2021 թվականի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի12-ը։ Հանդիպումը կկայանա Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում։
Այցի շրջանակներում նկարիչը հանդիպելու է ՀԳՊԱ-ի ուսանողների և դասախոսների հետ։ Այս հանդիպումը կազմակերպվում է ՀՀ-ում գործող Ֆրանսիական դեսպանատան և ՀԳՊԱ-ի միջև գործող համագործակցության արդյունքում։ Ընտրվելու են այն դասախոսներն ու ուսանողները, ովքեր տիրապետում են թվային արվեստին։
Ռուդոլֆ Բարսիկյանը ունի նկարների, քանդակների շարք, այնուհետև անցում է կատարել տեսահոլովակների, որից հետո իր համար որպես ստեղծագործական ուղի ընտրել է «Թվային կյանքը»։ Վերադառնալով ինքնության աղբյուրներին՝ նրա այցը Հայաստան խորհրդանշական բնույթ է կրում։
«Թվային կյանք» խորագիրը կրող ցուցահանդեսը ամփոփում է հեղինակի 20 տարվա ճանապարհորդության արդյունքները։ Հեղինակը ոգեշնչվել է հայկական ավանդական խաչքարերի մոտիվներից և իր քանդակները՝ 3D ձևաչափով ներկայացված, կարծես թվային ասեղնագործություն լինեն։ Բարսիկյանը այսօրվա նկարիչ է, տիրապետում է թվային պլաստիկ լեզվին, օգտագործում է նորագույն տեխնոլոգիաների ողջներուժը՝ արտահայտելու իր զգացմունքները։
Ռուդոլֆ Բարսիկյանը ծնվել է 1977-ին, Փարիզի արվարձաններից մեկում: Սերը դեպի արվեստը պատահական չէ․ մանկությունը անց է կացրել իր մայրական պապիկի տեքստիլի մշակման արվեստանոցում։ Եվ, բնականաբար, հայկական մշակույթի ժառանգությունը այդկերպ փոխանցվել է իրեն։ Սովորել է Փարիզում,Կիրառական արվեստի բարձրագույն դպրոցում, գրաֆիկայի բաժնում։ Ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ Փարիզում և այլուր։ Ռուդոլֆ Բարսիկյանի ստեղծագործություններին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ նկարչի կայքում։
Միջոցառումը իրականացվում է ՀՀ-ում Ֆրանսիական դեսպանատան բարձր հովանու ներքո։
Արտաքին կապերի բաժին