Կլոդ-Արմեն Մութաֆյան․ «Հայ լինելը փորձություն է, ճակատագիր»
Հանրահայտ ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ Կլոդ-Արմեն Մութաֆյանի հաջողության բանալին իր անհատական ուժն է․ մարդ, որն օժտված է խարիզմատիկ բնույթով՝ հմայքի, մագնիսականության, ներքին ուժի, ձայնի ինտոնացիայի, հայացքի, քայլվածքի, ինքնավստահության հատկանիշներով։ Ըստ իս մարդուն բնութագրելու համար պետք է բնութագրել նաև իր մարդկային որակները՝ բացահայտելով անհատին իր գործողությունների և գործերի միջոցով։
Նա հասարակական ակտիվ գործունեություն է իրականացրել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի այդ դժնդակ օրերին, մարդասիրական օգնություն ցուցաբերելով տուժած ընտանիքներին։ Կլոդ-Արմեն Մութաֆյանը ի շնորհիվ իր մտավոր կարողությունների, թողել է նշանակալից և արժեքավոր գիտական, հետազոտական, պատմական ժառանգություն՝ ի նպաստ հայագիտությանը և նրա ճանաչմանը աշխարհում։
Կլոդ-Արմեն Մութաֆյանը արժանացել է բազմաթիվ պարգևների: Նա ճանաչվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, հանդիսանում է Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր։ Վերջերս՝ 2022-ի հոկտեմբերին, պարգևատրվեց Մովսես Խորենացի շքանշանով (ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ)։ Վերջերս Կլոդ-Արմեն Մութաֆյանը Հայաստանում էր, ներկայացնում էր իր հերթական աշխատությունը՝ նվիրված Երուսաղեմին և XI-XV դարերում Երուսաղեմի հայերի դերին ու նշանակությանը։
Կլոդ-Արմեն Մութաֆյանը ծնվել է 1942-ի հուլիսի 27-ին Փարիզի հայաշատ արվարձաններից մեկում՝ Կլամարում, Զարեհ Մութաֆյանի և Հայկուհի Դամլամյանի՝ 1915-ի ցեղասպանությունից մազապուրծ ծնողների ընտանիքում։ Հայրը նկարիչ էր, մայրը՝ հայտնի ատամնաբույժ։ Ավարտել է Փարիզի հարավային համալսարանը՝ մաթեմատիկա մասնագիտությամբ, սովորել Փարիզի մանկավարժական ինստիտուտում, ստացել բյուզանդագիտության խորացված ուսուցման դիպլոմ Սորբոնի համալսարանում։ 2002-ին Փարիզ 1 Պանթէոն-Սորբոն համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայկական դիվանագիտությունը խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում» թեմայով։
Ահա այսպիսի կրթական ամբողջական հիմք է ունեցել և հենվելով այդ պատվանդանի վրա Փարիզյան արվեստների, ճարտարապետության, նորաձևության, ճաշակի, սիրո, համի քաղաքում կայացել ու ապրել է Կլոդ-Արմեն Մութաֆյանը։ Իր անունը սերտորեն կապված է Կիլիկյան Հայաստանի թագավորության հետ: Կիլիկիայի Հայոց թագավորության պատմության և մշակույթի վերաբերյալ բազմաթիվ ֆրանսերեն աշխատությունների հեղինակ է։ 1988-ին լույս է տեսել «Կիլիկյան կայսրությունների խաչմերուկներում» երկհատոր աշխատությունը, որը թարգմանվել է նաև հայերեն։ 2002-ին տպագրվել է «Կիլիկիայի հայկական թագավորությունը, XII-XIV դարեր» («Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle») աշխատությունը։ 2010-ին լույս է տեսել նրա «Հայաստանի 12 մայրաքաղաքները» («Les douze capitales d’Arménie») ֆրանսերեն գիրքը (խմբագիրներ՝ Կլոդ-Արմեն Մութաֆյան, Պատրիկ Տոնապետյան), 2012-ին՝ «Լեվանտյան Հայաստան» աշխատությունը, որում ներկայացվում է հայերի դերն ու նշանակությունը քաղաքական, առևտրական, տնտեսական, պետական խաչմերուկներում։
Հայասատանը աշխարհին ճանաչելի դարձնելու համար Կլոդ-Արմեն Մութաֆյանը կազմակերպել է երեք մեծ ցուցահանդես․ «Կիլիկիայի հայոց թագավորությունը» (Փարիզի Սորբոնի մատուռ, 1993), «Հռոմ-Հայաստան» (Վատիկան, Սիքստինյան սրահ, 1998) և «Գրի մոգականությունը» (Մարսել, 2007)։
Այս անգամ պարոն Մութաֆյանը Հայաստանում էր եկել՝ ներկայացնելու վերջերս լույս տեսած «Երուսաղեմը և Երուսաղեմի հայերը» գիրքը։ Եվ առիթից օգտվելով Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հրավիրեց նրան ներկայացնելու իր հեղինակած գիրքը բուհի ուսանողներին ու դասախոսներին։
Հեղինակի խոսքով՝ գրքի կարևորագույն արժանիքներից մեկը հայ ձեռագրական մշակույթի գոհարների բացահայտումն է։ Այն ունի ուսուցողական և ճանաչողական բացառիկ նշանակություն։ Կլոդ-Արմեն Մութաֆյանը նաև նշում է, որ պատկերագիրքը հրատարակել է միջազգային ճանաչում ունեցող «Belle Lettre» հրատարակչությունը։ «Գրքում ներկայացված են 5-րդ դարից սկսած Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և Սուրբ քաղաքում պահվող հայկական նշխարները, Երուսաղեմի տարբեր եկեղեցիներում պահպանվող հայատառ խճանկարները, Կիլիկիայի թագավորների արժեքավոր գավազանները, պատրիարքարանում պահվող և Սալահ ադ-Դինին վերագրվող արտոնագիրը»,- ասում է հեղինակը։
Ուզում եմ ավարտել Կլոդ-Արմեն Մութաֆյանի հայ լինելու մասին հետևյալ տողերով։ Երբ Մութաֆյանին հարցնում են, թե հե՞շտ է արդյոք իր համար հայ լինելը, նա պատասխանում է. «Ես այստեղ՝ Ֆրանսիայում ներկայացնում եմ երկու մշակույթ: Հայ լինելն ու, ասենք, ֆրանսիացի լինելը միանգամայն տարբեր բաներ են: Կարող ես հայ լինել ծագումով, ազգանունդ կարող է յան վերջավորությունն ունենալ, բայց դա դեռ չի նշանակում, թե հայ ես: Հայ լինելը փորձություն է, ճակատագիր: Դա փորձություններով լի դժվարին ճակատագրի ընտրություն է»։
Մերի Պատվականյան, Արտաքին կապերի բաժնի վարիչ