Միասին կարող ենք փոխել ճակատագրեր
Բարեգործական ցուցահանդես-վաճառք
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհիներ Վերա Մխիթարյանի և Մարինե Չոբանյանի նախաձեռնությունը՝ կազմակերպելու բարեգործական ցուցահանդես-վաճառք «City of Smile» հիմնադրամի հետ համագործակցությամբ, իրականացավ նոյեմբերի 16-ին, Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեում գտնվող «ART CAFE»-ի հետաքրքրական միջավայրում: Ցուցահանդեսին իրենց աշխատանքներով մասնակցեցին ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, կերամիկայի, գոբելենի և գորգագործության, հագուստի մոդելավորման բաժինների ուսանողները:
Ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթը տրամադրվելու է քաղցկեղով հիվանդ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների բուժման կարիքներին: Ուսանողները բացի ստեղծագործական մասնակցությունից, մտադրվել էին նաև վճարովի վարպետաց դասեր անցկացնել․ ստացված գումարը դարձյալ տրամադրվելու էր նույն նպատակին: Վերայի և Մարինեի բարի կամքի այս դրսևորմանը արձագանքեցին մի շարք կազմակերպություններ՝ միանալով նախաձեռնությանը, տրամադրեցին իրենց արտադրանքը. ձեռքի աշխատանք, բնական հումքով պատրաստված խնամքի միջոցներ, արծաթյա զարդեր, հայկական զարդամոտիվների, տառատեսակների և նկարների տպագրությամբ շարֆեր, պայուսակներ, ասեղնագործ, տարատեսակ ձեռագործ աշխատանքներ, աքսեսուարներ: Տարբեր ոճերի հագուստի ցուցադրությամբ հանդես եկան «Mode’yan Textile Gallery», «ArmCulture Mariam Gharibyan», «Ripa Haji» նորաձևության կենտրոնները, որոնք ներկայացրեցին նաև Գեղարվեստի ակադեմիայի նախկին ուսանողների աշխատանքները:
Մասնակիցներին ողջունեց «City of Smile» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, ներկայացնելով իրենց նպատակը՝ աջակցություն քաղցկեղով հիվանդ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին։ Այս ճանապարհին ամիսներ արդեն համագործակցում են ՀԳՊԱ-ի հետ: Նա ներկաներին հիշեցրեց ամռանը Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բակում համատեղ կազմակերպած բարեգործական բացօթյա խոշոր միջոցառումը: Ելույթ ունեցան նաև նախաձեռնողները՝ Վերա Մխիթարյանը և Մարինե Չոբանյանը, որոնք շնորհակալությամբ դիմելով մասնակից ուսանողներին և աջակից կազմակերպություններին, ասացին, որ հավաքված մարդկանց ներկայությունն արդեն իսկ վերաբերմունք է, խնդրի կարևորության գիտակցում, և որ հույս ունեն դա դարձնելու ամենօրյա կյանքի, առօրյայի, աշխատանքի մաս: Կարևորը, ըստ նրանց, հանրային գիտակցության արթնացումն է՝ հիվանդ երեխայի, կարիքավորի կողքին լինելու, զգացնել տալու, որ նրանք մենակ չեն: Ինչպես ամռանը կայացած միջոցառմանը, այս անգամ նույնպես ներկա էին հիվանդությունը հաղթահարած երեխաներ, որոնք ուշադրության ու հոգատարության պակաս չպիտի զգան: Ի դեպ, որպես միջոցառման նշանաբան էր ընտրվել «Միասնությունն ուժ է: Միասին կարող ենք փոխել ճակատագրեր» արտահայտությունը:
Մելանյա Բադալյան