
Ուսանողական հաշվետու ցուցահանդես․ համադրություններ
«Գասպարյան» ստուդիայի սաների անակնկալը
Ամենամյա հաշվետու ցուցահանդեսները՝ յուրաքանչյուր ֆակուլտետի ուսանողների աշխատանքների, ավանդաբար կազմակերպվում են ուսումնական տարեվերջին։ Ապրիլի սզբներին նման ցուցադրությամբ հանդես եկան հագուստի մոդելավորման և համակարգչային գրաֆիկայի բաժնի ուսանողները, սակայն քանի որ աշխատանքները բազմաքանակ էին, 3-րդ և 4-րդ կուրսեցիների ցուցահանդեսը հետաձգվեց․ այն բացվեց երեկ, «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում։ Հաճելի անակնկալ էր նախասրահում տեսնել «Գասպարյան» ստուդիայի սաների աշխատանքները։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գծանկարչության և գունանկարչության ամբիոնի վարիչ Վահե Գասպարյանը շուրջ տասը տարի ղեկավարում է այս ստուդիայի աշխատանքները, որի սաները ՀԳՊԱ-ի ապագա պոտենցիալ ուսանողներն են փաստորեն։
Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը անդրադարձավ այն հանգամանքին, որ ուսանողների գերակշիռ մասը հանրակրթական դպրոցից է տեղափոխվում այստեղ, մասնագիտորեն անպատրաստ, առանց նախնական գիտելիքի։ Սակայն նրանք առաջին իսկ տարիներին կարողանում են հաղթահարել անջրպետը և հետագա կուրսերում նկատելի առաջընթաց են արձանագրում, ինչը տեսանելի է տարբեր տարիների աշխատանքները համեմատելիս։
Վահե Գասպարյանը ակադեմիայի ցուցասրահի ընձեռած հնարավորությունը,- ամեն բուհում չէ, որ այն տրվում է ուսանողներին, համարում է լավագույն հարթակ սեփական աշխատանքները նաև որպես հանդիսատես դիտելու, կողմնակի հայացքով գնահատելու առավելություններն ու թերությունները, ինչպեսև՝ տեսնելու իր սովորածի, գիտելիքի, ինֆորմացիայի տրանսֆորմացիան, դրանց վերափոխումը ստեղծագործականի․երբ ուսանողը մտնում է ստեղծագործական ես-ի ձևավորման փուլ։
Նմանապես զգացողական, վերաբերմունքային նոր վիճակներ է հնարավոր ստեղծի կից սրահում ցուցադրված «Գասպարյան» ստուդիայի սաների աշխատանքները, այն առումով մասնավորապես, թե «ինչպես է դրսևորվում ազատ մտածողությունը և ինչպես է հնարավոր սովորելուց, ակադեմիական գիտելիքներ ստանալուց հետո հրաժարվել դրանցից և գնալ դեպի մանկություն, ինչպես շատ հայտնի նկարիչներ են արել՝ ցանկանալով ազատվել ակադեմիական իրենց իմացությունից և մոտենալ ինտուիտիվ նկարչությանը․ իսկ երեխան ինտուիտիվ է նկարում։ Այս կապը գործում է այստեղ, այս երկու սրահների միջև։ «Ցուցադրված աշխատանքների հետևում դասախոսների մի ահռելի աշխատանք կա, որն առաջին հայացքից չի երևում։ Սա ուսանողի և դասախոսի համատեղ աշխատանքի արդյունք է․ մենք տալիս ենք հնարավորություն, բացում ենք ճանապարհ, որպեսզի ուսանողները կարողանան հետագայում այսպես ստեղծագործել»,- ասաց Գասպարյանը։
Մելանյա Բադալյան