Ամփոփվել է «Ֆիլհարմոնիկում ուսանողներն են» նախագիծը
«Ֆիլհարմոնիկում ուսանողներն են» երկամսյա նախագծի արդյունքներն ամփոփվեցին նոյեմբերի 12-ին, որի արդյունքում մասնագիտական կարողություններով ու հմտություններով կիսված Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի 11 ուսանող արժանացավ սերտիֆիկատների: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:
«Ֆիլհարմոնիկում ուսանողներն են» նախագիծը մեկնարկել էր 2021թվականի փետրվարին: Հարցազրույցի փուլը հաղթահարած ՀԳՊԱ-ի 11 ուսանողներից կազմված խումբը սկսել էր աշխատանքները մարտ ամսից: Նախագծի ընթացքում նրանք իրականացրել են մոտ 15 առաջադրանք, մասնակցել բազմաթիվ համերգների:
Նախագծի 1-ին փուլի պաշտոնական ամփոփման միջոցառմանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ համատեղ աշխատելու մշակութային և այլ ստեղծագործական-ուսանողական նախագծերի շրջանակներում՝ խթանելով ուսանողների մասնակցությունը կամավորական նախաձեռնություններին, ինչպես նաև ուսանողների և հանրության շրջանում գեղագիտական ճաշակի բարձրացմանը:
Նշենք, որ «Ֆիլհարմոնիկում ուսանողներն են» նախագծի երկրորդ շրջափուլի հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի նոյեմբերի 20-ը: Հայտագրվելու և նախագծի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է askacademy2021@gmail.com էլ-փոստի հասցեին ուղարկել ինքնակենսագրական և պորտֆոլիո: Ընտրական փուլը հաղթահարած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի:
Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։