Կրակովյան մոտիվներ
ՀԳՊԱ-ի գրաֆիկայի ամբիոնի դասախոս Զաքար Դեմիրճյանը, վերջերս մասնակցելով Erasmus+ շարժունության ծրագրին, մեկշաբաթյա դասախոսությամբ հանդես եկավ Լեհաստանի Կրակով քաղաքի Յ․ Մատեյկոյի անվան Գեղարվեստի ակադեմիայում (Academy of Fine Arts in Krakow after J. Matejko)։
Վերոնշյալ ծրագիրը 3 տարի ժամկետով էր՝ 2019-2021թթ․, որի ընթացքը, ցավոք, համընկավ համավարակի հետ։ Այնումենյանիվ Արտաքին կապերի բաժնի ջանքերով հետաձգվեց իրականացումը՝ սահմանելով այլ ժամկետներ ավելի բարենպաստ ժամանակահատվածում։ Հարկ է նշել, որ 2021-2022 ուսումնական տարում հաջողվեց իրականացնել գրաֆիկայի բաժնի մեկ ուսանողի փոխանակում, և այս պահին վերջինս գտնվում է Յ․ Մատեյկոյի անվան Գեղարվեստի ակադեմիայում՝ կարճաժամկետ ուսման նպատակով։
Ավելի վաղ՝ 2021-ի մայիսին, կայացավ Կրակովի մեկ դասախոսի այցը ՀԳՊԱ։
Ստորև ներկայացնում ենք Զաքար Դեմիրճյանի հարցազրույցը՝ Արտաքին կապերի բաժնի ղեկավար Մերի Պատվականյանին։
Զաքարն իր խոսքը սկսեց շնորհակալություն հայտնելով բուհին և մասնավորապես Արտաքին կապերի բաժնին իր գործունեության համար, որի աշխատանքի ու ջանքերի շնորհիվ իրեն այսպիսի հնարավորություն ընձեռնվեց։ «Ես շատ կարևորում եմ փոխանակման ծրագրերը ոչ միայն ուսանողների, այլ նաև դասախոսների համար։ Եվ այս առումով սա մի հետաքրքիր ու կարևոր փորձառություն էր ինձ համար։ Եվ, առհասարակ, գտնում եմ, որ չափազանց կարևոր է, որպեսզի տվյալ բուհերի ուսանողները և դասախոսները տեսնեն, թե ինչ է կատարվում այլ երկրներում և ինչպիսի առավելություններ և թերություններ կան բուհերում։
Տպավորություններս շատ դրական են․ հրաշք քաղաք է Կրակովը՝ հեքիաթային, միջնադարյան ճարտարապետությամբ։
Իրենց ակադեմիան բավականին մեծ բուհ է, ունի մոտ երեք հազար ուսանող, տարբեր ֆակուլտետներ տեղակայված են տարբեր շենքերում։ Բուհի գլխավոր շենքը, որը հիմնադրվել է 1818-ին, միայն գեղանկար և քանդակ բաժիններն է ներառում։ Գրաֆիկայի բաժինը տեղակայված է առանձին շենքում, որն ունի 5-6 արվեստանոցներ, լաբորատորիաներ տարբեր հաստոցային գրաֆիկական տեխնիկաների՝ քար, մետաղ, փայտ։ Տեխնիկապես և նյութապես շատ հագեցած լաբորատորիաներ են։ Մենք թե՛ քանակի և թե՛ տեխնիկական հագեցվածության առումով իհարկե չենք կարող համեմատվել իրենց հետ. մեզ մոտ այդ ամենն արվում է մեկ լաբորատորիայում։ Փաստացի մենք գրաֆիկայի բաժնում տարեկան կարող ենք ասել, որ ունենք ուսանողների նույն թիվը իրենց հետ համեմատած (30 ուսանող),բայց իրենք, փաստորեն, ունեն առանձին շենք՝ հագեցած տարբեր լաբորատորիաներով և արհեստանոցներով, որն էլ իրենց առավելությունն է։
Հետաքրքիր էր տեսնել և համեմատել այդ ամենը»։
Խոսելով դասավանդման մեթոդներից՝ Զաքարն առանձնացրեց հետևյալը․ «Մեթոդները հիմնակնում նույնն են, չնայած կարող եմ առանձնացնել, որ Լեհաստանում սովորողները շատ ավելի ազատ են մտածում, և հենց իրենք դասախոսներն են տալիս այդ հնարավորությունը ազատ մտածելու և ազատ աշխատելու։ Ես այնտեղ դասավանդեցի մոնոտպագրություն վորքշոփի (workshop) ձևաչափով։ Տարբերությունը մեծ էր նաև դասի հանդեպ ուսանողների վերաբերմունքի տեսանկյունից»։
– Դրսից այցելող, հրավիրյալ դասախոսները նկատում են, որ մեզ մոտ ուսուցումը շատ ակադեմիական է, կա՞ր այդպիսի բան, դու ի՞նչ նկատեցիր։
– Այո, կա այդ տարբերությունը․․․ Օրինակ, զուգահեռներ անցկացնելով Մարսելում փոխանակման ծրագրի շրջանակներում սովորելու տարիների իմ փորձի, Լեհաստանի և ՀԳՊԱ-ի միջև, կարող եմ ասել որ Մարսելում շատ տարբեր էր, արվեստի դասավանդումը ակադեմիականից շատ հեռացածէր, իսկ Լեհաստանում մի քիչ ավելի շատ էր պահպանված ակադեմիական մոտեցումը։ Ինչ վերաբերում է ՀԳՊԱ-ին, հանգիստ կարող եմ ասել, որ այստեղ շատ ավելի լավ է դասավանդվում գծանկար և գունանկարը, շատ ավելի հիմնովին է դասավանդվում, քան Լեհաստանում։ Ես կարծում եմ, որ դա հենց Արևմուտքի ազդեցությունն է, որ ավելի մեծ է Լեհատանում, և շատ բաներ չեն պահպանվել ուղղակի՝ ի տարբերություն մեզ։
Որպես դասախոս՝ սա շարժունության իմ առաջին փորձն էր, որը շատ գնահատելի է, ինչպես արդեն ասացի։ Մեծ դեր խաղաց անգլերենի իմացույթունը, քանի որ դասավանդումը ամբողջովին անգլերենով էի վարում և առհասարակ որևէ քննարկման կամ զրույցի լեզուն բացառապես անգլերենն էր։ Կարող եմ ասել, որ Լեհաստանում գրեթե 90 տոկոսը անգլերենով էր հաղորդակցվում, ինչքանով, որ հասցրել եմ նկատել։
Ուսանողները շատ լավ ընդունեցին, հետաքրքիր էր, որ սկզբում մտավախություն կար, որ մեծ լսարան չէր հավաքվի դասախոսությունը լսելու, մասնակցելու համար, կարող է չհետաքրքրեր իրենց, բայց բանից պարզվեց, որ ուսանողները միմյանց հերթ չեն տվել դասին գրանցվելու համար, այն աստիճան, որ տեղի դասախոսները ստիպված են եղել սահմանափակել քանակությունը՝առողջապահական անվտանգության նկատառումներից ելնելով։ Ավելին՝ ուսանողները հանձնարարությունն ու թեման լսելուց հետո միանգամից գործի անցան, ինչը հաճելիորեն զարմացրեց։ Վորքշոփի թեման էր՝ մոնոտպագրությունը․ դա գրաֆիկայի ամենահին տեխնիկաներից մեկն է։ Այդ թեման ընտրեցի, քանի որ Լեհաստանը հայտնի է իր զրահագործներով, իրենց ասպետների համար պատրաստած զենք ու զրահով, և հենց առաջինը զրահագործներն են սկսել մոնոտպագրություն անել, որպեսզի պահպանեն իրենց պատրաստած զրահի դիզայնի տեսքը։ Եվ հատկանշական էր, որ ուսանողները Լեհաստանում այդքան հագեցված լաբորատորիաներ ունենալով հանդերձ, մոնոտպագրություն չէին անում։
Մոնոտպագրությունը շատ ավելի մոտ է գեղանկարին, քանի որ այն մի օրինակ տպագրություն է, և շատ հանպատրաստի է լինում, այսինքն շատ բաներ կախված է նյութից։ Եվ ուսանողները շատ ոգևորված էին այս ամենն իմանալով, իրենց շատ հետաքրքիր էր դա։ Վերջում, երբ ուսանողները կախել էին իրենց նկարները չորանալու, դա կարծես մի փոքրիկ ցուցահանդես էր հիշեցնում՝ լաբորատորիայում բացված։
Ամփոփելով կարող եմ ասել, որ շատ ուրախ կլինեմ, եթե սա շարունակական լինի դասախոսների համար։ Այսպիսի փորձի փոխանակումը շատ կարևոր է։
Արտաքին կապերի բաժնի յուրաքանչյուր աշխատակից բոլոր ջանքերը գործադրում է գալիք տարիներին ունենալու նման փոխանակման ծրագրեր։ Նախկինում չի եղել դասախոսների փոխանակման ծրագիր, այն սկսեց գործել և իրականացավ բաժնի աշխատակիցների վարած բանակցությունների արդյունքում։ ՀԳՊԱ-ի արտաքին կապերի բաժինը հստակ գիտակցում է այս ծրագրերի կարևորությունը, որը հոգեպես հարստացնում է յուրաքանչյուր մեկնող դասախոսի։ Այն անհրաժեշտ է, թե՛ճանաչողական առումով, թե՛ փորձի փոխանակման, թե՛ ազգային շրջանակներից դուրս նոր մեթոդների բացահայտման, օտար լեզվի իմացության և գործնական կիրառման, նաև նոր երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային դրսևորումների ճանաչման առումով, որնէլ տալիս է դասախոս-անհատ ստեղծագործողի նոր հարաբերությունների դրսևորմանը։
Զաքար Դեմիճյանը ավելացրեց նաև, որ նա հանդիպում է ունեցելՄատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայի ռեկտորի հետ, ով եղել էր Երևանում, Դիլիջանի միջազգային դպրոցում, ով շատ լավ կարծիք ուներ մեր երկրի, և մեր բուհի մասին։ «Մենք ունեցանք զրույց, որի ընթացքում պայմանավորվեցինք, որ պետք է հետևողականորեն աշխատենք։ Ես հարց բարձրացրեցի, որ լավ կլինի ոչ միայն փոխանակում անենք, այլ նաև որպես արվեստի բուհեր՝ նաև փոխադարձ ցուցահանդեսներ անցկացնենք և՛ Երևանում, և՛ Կրակովում, որպեսզի բացի բուհական կազմից, նաև արվեստասեր հանրությունը տեսնի, թե որքան հետաքրքիր արվեստագետներ, ուսանողներ կան մեր երկրում և հակառակը։ Կրակովի բուհը բավական մեծ ցուցասրահ ունի և ցանկացած արվեստագետի համար կարծում եմ պատիվ կլինի այնտեղ ցուցադրվելը»։
Հարցազրույցը ավարտվեց նրանով, որ մոտակա ժամանակներում հանդիպելու և քննարկելու ենք ապագա ցուցահանդեսի բովանդակությունն ու խորագիրը։
Լուսանկարները՝ Զաքար Դեմիրճյանի ֆեյսբուքյան էջից