Հաշվետու ցուցահանդես ՀԳՊԱ-ում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան ձևավորված տարբեր ավանդույթներ ունի, և դրանք բարեխղճորեն ի կատար են ածվում: Իհարկե՝ այս վերջին շրջանում համավարակով պայմանավորված, ուսումնական ընթացքը մտավ մեկ այլ հուն՝ հեռավար կրթության, սակայն ստեղծագործական մտածողությունը հնարավոր չէ կանգնեցնել. այն շարունակվում է նույնիսկ ավելի ակտիվ: Դրա վկայությունը երեկ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում Դիզայնի և դեկորատիվ կիրառական ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողների հաշվետու ցուցահանդեսն էր: Համավարակային ընթացքի և անցած աշնան պատերազմից հետո, կարելի է ասել, սա առաջին ցուցահանդեսն է (նախորդը՝ «Քանդակային մտածողություն» հաճելի ցուցահանդեսը, նոր, հետաքրքրական մի ծրագրի սկիզբ էր):
Պատերազմական արհավիրքը չշրջանցեց ՀԳՊԱ-ն, մեր ուսանողներից նույնպես գնացին պատերազմ ու ցավոք չվերադարձան: Այս ցուցահանդեսը խորհրդանշորեն նվիրված է ակադեմիայի՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ուսանողներին: Մինչ ցուցահանդեսի բացումը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված ուսանողների հիշատակը:
Ներկայացված աշխատանքների կատարողական մակարդակը, ինքնուրույն մտածողությունը, ստեղծագործական տարրերի հագեցվածությունը բարձր գնահատության արժանացան պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանի, ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանի կողմից: Կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանն ասաց, որ այս աշխատանքները ներկայանալի կդիտվեն ցանկացած մեծ ցուցասրահում, ըստ որում՝ ոչ որպես ուսանողական կատարումներ:
Գծանկարչության և գունանկարչության ամբիոնի վարիչ Վահե Գասպարյանը հանգամանալի խոսեց իրենց ծրագրերի մասին՝ նկատել տալով, որ չնայած ուսանողներն աշխատել են ավելի սուղ պայմաններում, սովորելու օնլայն ռեժիմ, դասախոսի՝ ֆիզիկապես ներկա չլինել և այլ, սակայն արդյունքը գոհացնող է: Սարո Գալենցի հետ համատեղ սկսած ծրագրի՝տարիներ անց տված արդյունավետությունը՝ հիշյալ բաժինների ուսանողներին տալ այնպիսի նկարչություն, որ մասնագիտական կողմնորոշումից չլինի առանձին, արդեն ակնառու է: Եվ հիմա հասունացել է նման բովանդակությամբ ձեռնարկ հրատարակելու պահը՝ ի՞նչ է նկարչությունը և նկարչության տարբերությունը տարբեր բաժինների համար, ինչպե՞ս ակադեմիական նկարչության գիտելիքները տրանսֆորմացնել բուն մասնագիտություններում՝ մտածողության մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությամբ, որպեսզի դառնան ոչ թե պարզապես դիզայներ, այլ արվեստագետ-դիզայներ, ոչ թե պարզապես խեցեգործ, այն նկարիչ-խեցեգործ: Նաև սովորեցնել ուսանողներին գործը սկսելուց առաջ թեմայի հետազոտական աշխատանքներ կատարելու տեխնիկան և բովանդակությունը:
Ավետիք Ավետիսյանը շնորհակալությամբ դիմեց բոլոր այն դասախոսներին, ովքեր այս ընթացքում աշխատել են ուսանողների հետ և հասցրել ավարտական եզրագծին, նշեց, որ ակնհայտորեն գնալով ավելի որակյալ են դառնում ուսանողական աշխատանքները, նկատել տալով այն հանգամանքը, որ մեր ուսանողների գրակշիռ մասը նախնական կրթությունը սկսել է հենց ակադեմիայից: Համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանը, արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Քնարիկ Ավետիսյանը նույնպես համոզված են, որ այս բոլոր մասնագիտությունների հիմքը ակադեմիական նկարչությունն է: Հայկ Փայասլյանն ընդգծեց Վահե Գասպարյանի՝ ամբիոնի վարիչի պարտականություններից զատ նրա լավ կազմակերպիչ լինելու որակները:
Մելանյա Բադալյան