Հայտնի դարձան «Քանդակային մտահղացումների» հաղթողները
Օրերս Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովե Բոյաջյան» ցուցասրահում բացվել էր «Քանդակային մտահղացումներ» խորագրով ցուցահանդեսը, որը Քանդակագործության բաժնի 12 ուսանողի 27 աշխատանք էր ներկայացնում: Ցուցադրությունը մրցանակային էր: Դեռ տարիներ առաջ այն մտահղացել էր ակադեմիայի շրջանավարտ, քանդակագործ, ներկայում Կանադայում բնակվող Համբարձում Դավթյանը, որի առաջարկով էլ հայրը՝ Քանդակագործության ամբիոնի վարիչ Գարեգին Դավթյանը նախաձեռնել և կազմակերպել էր ցուցահանդեսը:
Ուսանողների աշխատանքները գնահատելու համար ստեղծվել էր հանձնաժողով, որի կազմում էին Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ՀԳՊԱ-ի Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը, Քանդակագործ, պրոֆեսոր Գետիկ Բաղդասարյանը։ Հանձնաժողովը նախագահում էր ՀԳՊԱ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը, ով այսօր հաղթողներին հանձնեց պատվոգրերն ու մրցանակները։ Այսպես, առաջին տեղին արժանացավ երրորդ կուրսի ուսանող Արթուր Ավագյանը։Երկրորդ տեղը զբաղեցրեց երկրորդ կուրսի ուսանող Վահե Եղյանը, երրորդը՝ Մուշեղ Հակոբյանը։ Վերջինս նույնպես երկրորդ կուրսի ուսանող է։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և հաղթողներին։