Երբ կարողանում ես ապրել հեքիաթի աշխարհում
Վահե Գասպարյանի ցուցահանդեսի գունային միջավայրը՝ վառ երանգներից մինչև մոխրագույնի ամենամռայլ շերտերը, արդեն իսկ ապահովում է առաջին ազդեցիկ տպավորությունը: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացված նրա գրաֆիկական աշխատանքները հիմնականում համաշխարհային նշանավոր գրական ստեղծագործությունների գեղարվեստական ձևավորումներ են. Դանթեի «Աստվածային կատակերգություն», Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան», Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրուել», երեխաների համար թերևս ամենից հետաքրքրական ու զվարճալի պատմությունը՝ Ռասպեի «Բարոն Մյունհաուզենի արկածները», հայ ժողովրդական էպոսը՝ «Սասունցի Դավիթ» և առանձին գրաֆիկական գործեր:
Ցուցահանդեսի բացմանը ժողովրդական երգերի լավագույն կատարող, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մաթևոսյանը այսպիսի բնորոշում արեց.
Ուրախ եմ, որ հեղինակը կարողանում է ապրել հեքիաթների աշխարհում: Հեքիաթները հենց այնպես չեն ստեղծվում: Դրանք իրենց մեջ խտացնում են ազգային հոգեբանության շերտեր ու տրամադրություններ: Եթե Սասունցի Դավիթ, ուրեմն հայի տեսակ, որ գիտի պայքարել, գիտի հարատևել»:
Վահե Գասպարյանը ակադեմիայի գծանկարի և գունանկարի ամբիոնի վարիչն է: Ռեկտոր Արամ Իսաբեկյանը, նշելով ղեկավարի նրա հմուտ ունակությունները, հիշատակեց կյանքից վաղ հեռացած հրաշալի նկարիչ և մտավորական Սարո Գալենցին, որ երկար տարիներ ղեկավարել էր այդ նույն ամբիոնը, բազմաթիվ հետաքրքրական նորամուծություններ կատարել և այդքան էլ հեշտ չէր եղել նրա գործի արժանավոր շարունակող գտնել: Ռեկտորը գոհունակությամբ խոսեց Վահե Գասպարյանի թե՛ վարչական գործունեության, թե՛ ստեղծագործական աշխատանքի մասին:
Ահավասիկ նկարազարդումներ, որտեղ տեսնում ենք մոտեցումների բազմազանություն, հետաքրքրական գաղափարներ, փայլուն տեխնիկա: Եվ բարդությունն այն է, որ դրանք իրականացվել են այնպիսի գործերում, որոնք հայտնի են յուրաքանչյուրին, և քանի որ տարիներ շարունակ հրատարակված պատկերազարդ այդ գրքերը պատանեկությունից սկսած ընթերցողի մեջ ձևավորել են պատկերացումներ, դժվար է վերստին դրանց անդրադառնալը, նոր մոտեցում և հայացք է անհրաժեշտ հաջողության համար: Ես հիանում եմ, որ նա հասել է այսպիսի մակարդակի»,- նշեց Իսաբեկյանը:
Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Քնարիկ Ավետիսյանը խոսեց ներկայացված աշխատանքների գեղարվեստական արժանիքների և այն նորությունների մասին, որով տարբերվում են Վահե Գասպարյանի պատկերազարդումները նախորդներից:
Ներկայացված գործերում ակնհայտ է գրաֆիկայի հրաշալի իմացություն, տեսական և ստեղծագործական կարողությունների համատեղում»,- ասաց նա:
Վահե Գասպարյանը գրքի պատկերազարդման արվեստում բավականին փորձ ունի. նրա տասից ավելի ձևավորած գրքերի բովանդակային բազմազանությունը՝ իրավականից մինչև հեքիաթներ ու վեպեր, վկայում են հեղինակի որոնող մտքի, հետաքրքիր գաղափարների մասին: Անդրադառնալով սրահի դիմահայաց պատերին ներկայացված նկարների՝ Սասունցի Դավթի և Բարոն Մյունհաուզենի միանգամայն տարբեր աշխարհներին և զուգահեռելով դրանք՝ Քնարիկ Ավետիսյանը նկատեց, որ հեղինակը բավական լավ ուսումնասիրել է պատմական ժամանակաշրջանները, կարողացել է կերպարները տիպականացնել իրենց բնորոշ միջավայրի մեջ, արտահայտել դրանք առանձին դետալներով, ինչպես հագուստի, հայացքի մեջ և այլ մանրուքներում:
Մեր ազգային էպոսի կերպարները մեկնաբանված են միանգամայն նորովի, ակնհայտ է նրա վերաբերմունքը իր ժամանակի հանդեպ՝ դրսևորված հատկապես «Արքաների երազները» շարքում»:
Գունապատկերային և առհասարակ ստեղծագործական էներգետիկան գեղարվեստի ազդող ուժի գաղտնիքներից է, որի մասին խոսեց Ռուբեն Մաթևոսյանը՝ բարձր գնահատելով հայ նկարչական դպրոցի և նրա ավանդույթների դերը համաշխարհային մշակույթի մեջ:
Ուրախ եմ, որ կա նկարների ցուցադրման այսպիսի վայր ակադեմիայում, որտեղ մարդը բացում է իր հոգին: Իսկ հոգին բացելը դժվար երևույթ է: Երբեմն մարդը մտածում է, իսկ արժե՞, որ մարդիկ ինձ տեսնեն: Իհարկե արժե՛: Եվ կարևոր է, որ այստե՛ղ տեսնեն: Որովհետեւ այստեղ հավաքված են մարդիկ, որ գնահատել գիտեն: Իսկ գնահատել նշանակում է ոգևորել՝ հասկանալու, որ նկարիչը շատ կարևոր մարդ է մեր կյանքում»:
Սրահի մթնոլորտի ջերմությունը մտերմիկ դարձնող հանգամանք էր հեղինակի ծնողների ներկայությունը, նրանց խոսքը. արվեստագետ- նկարիչների ընտանիք, ովքեր առաջինն են սերմանել նրա մեջ պատասխանատվության զգացում, կատարելությանը ձգտելու մղում:
Այս ցուցահանդեսը ստեղծագործական մի քանի էջ է փակում. ավարտվում է մի փուլ և սկսվում է մեկ ուրիշը՝ միանգամայն տարբեր: Նկարչի համար փոփոխություններն անհրաժեշտություն են, որպեսզի նոր ընկալումներն ու աշխարհայացքը, ապրված կյանքը նորովի վերարտահայտվեն, ստեղծագործվեն կտավին»,- ասաց Վահե Գասպարյանը:
Մելանյա Բադալյան