Քանդակային մտահղացումներ
Մրցանակային ցուցահանդես ՀԳՊԱ-ում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովե Բոյաջյան» ցուցասրահում երեկ բացված «Քանդակային մտահղացումներ» ցուցահանդեսը Քանդակագործության բաժնի 12 ուսանողի 27 աշխատանք է ներկայացնում: Թեմատիկ առումով բազմազանությունն ու նյութին տարբեր մոտեցումներն ապահովված են: Նյութի գեղարվեստացումը խիտ, երբեմն գերխիտ, երբեմն նոսր, անգամ քնարական դրսևորումներ են գտել, չնայած ցուցադրված նմուշները նյութի նախնական հենքով են աշխատված՝ կավ, գիպս, մոմ, պլաստիլին: Սակայն աշխատանքների մի զգալի մաս ավարտուն տպավորություն է թողնում՝ կոնցեպցիայով, արվեստային տրամադրություններով, ներքին վիճակների արտահայտություններով՝ խոհական, էսթետիկ:
Այսպիսի ցուցադրությունը, որը մրցանակային է նաև, նորություն է, առաջին փորձը: Դեռ տարիներ առաջ այն մտահղացել էր ակադեմիայի շրջանավարտ, քանդակագործ, ներկայում Կանադայում բնակվող Համբարձում Դավթյանը: Վերջերս նրա առաջարկով հայրը՝ Քանդակագործության ամբիոնի վարիչ Գարեգին Դավթյանը նախաձեռնել և կազմակերպել է ցուցահանդեսը: Ցուցահանդեսային մասնակցությունն ազատ է եղել, թեմատիկ ընտրությունը՝ նույնպես: Գարեգին Դավթյանի կարծիքով ամենախիստ հայացքով անգամ առնվազն մրցանակի վեց թեկնածու կա երեք տեղի համար, ովքեր գեղարվեստական մտածողությամբ, կատարման մակարդակով տարբեր աստիճանի են՝ իրենց կրթվածությամբ, իմացությամբ և տաղանդով: Հանձնաժողովի անդամների որոշելիքն է. Քանդակագործության ամբիոնից մրցանակային հանձնաժողովի մեջ ընդգրկված է մեկ ներկայացուցիչ: Համբարձում Դավթյանի ֆինանսական աջակցությամբ՝ հաղթողները մրցանակային գումարով հնարավորություն կունենան կատարելու հետագա՝ ձուլման և այլ աշխատանքները: Ծրագրի հեղինակը ցուցահանդեսային այսպիսի մտահղացումը ավանդութային դարձնելու նպատակ և հույս ունի, իհարկե՝ յուրաքանչյուր նոր նախաձեռնությանը տարբեր մոտեցումով:
Մելանյա Բադալյան