Կայացել է «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» առաջին համաժողովը
Արամ Խաչատրյան տուն-թանգարանում օրերս կայացել է «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» առաջին համաժողովը: Լիագումար նիստից առաջ ներկայացվել է Ռուսաստանի կինոյի պետական կենտրոնական թանգարանի պատրաստած «Երգում եմ քեզ, ի՛մ Հայաստան» նախագիծը, որի շրջանակում ներկայացվել են «Հայֆիլմ» կինոստուդիայի ստեղծած կինոազդագրերը: Համաժողովի շրջանակում երկկողմանի համագործակցության հուշագրեր են ստորագրվել Հայաստանի և Ռուսաստանի մի քանի գիտական, կրթական ու երաժշտական ուսումնական հաստատությունների միջև:
Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Օսինցևը, Վոլոգդայի և Կոստրոմայի մարզերի մշակույթի դեպարտամենտների տնօրեններ Վլադիմիր Օսիպովսկին և Մարինա Նազինան, ինչպես նաև մշակութային և կրթական հաստատությունների ղեկավարներ, երկու երկրների բուհերի ղեկավարներ, այդ թվում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկաներին շնորհավորել է մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական համաժողովի բացման կապակցությամբ: Նախարարի տեղակալը կարևորել է մեկ հարթակում մասնագետների հանդիպման հնարավորությունը: Նա հաստատել է, որ հայ-ռուսական հարաբերությունները մշակույթի և կրթության ոլորտում ոչ միայն շարունակում են զարգանալ, այլև ձեռք են բերում նոր ձևաչափեր։ Դրա հաստատումն են «Երգում եմ քեզ, ի՛մ Հայաստան» ցուցահանդեսի բացումը և մշակույթի ոլորտում կրթական հայ-ռուսական համաժողովի անցկացումը։
ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Օսինցևն էլ վստահեցրել է, որ կրթության բնագավառը հայ-ռուսական փոխգործակցության նշանակալի ուղղություններից է, և ընթերցել է ՌԴ մշակույթի նախարար Oլգա Լյուբիմովայի ուղերձը: Ուղերձում մասնավորապես ասվում էր, որ ստեղծագործական կրթության բնագավառում համագործակցության զարգացումը երկու պետությունների փոխգործակցության կարևորագույն ուղղություններից է:
Համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել նաև ՀԳՊԱ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը։ Նա խոսել է կրթական միջավայրի բարելավման և երկու երկրների բուհերի համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին։ Մասնակիցները քննարկել են նաև կադրերի վերապատրաստման, բուհերի աշխատանքում տեխնոլոգիաների ու նորարարությունների ներդրմանն առնչվող հարցեր: Տեղի են ունեցել զեկույցներ և քննարկումներ՝ մշակութային կրթության բնագավառում հայ-ռուսական համագործակցության հեռանկարների և հնարավորությունների վերաբերյալ: