Գեղագիտական և բովանդակային
Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի դասախոսների ցուցահանդեսը
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացված դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների աշխատանքները գեղեցիկ են, բովանդակային, հետաքրքրական, բազմաոճ, ակնահաճո: Ավանդական դարձած աշխատանքային այսպիսի մոտեցումը արդյունավետ է մի քանի առումով՝ դասախոսները ամենօրյա մանկավարժական աշխատանքից բացի, ուսանողին ներկայանում են որպես ստեղծագործող անհատականություններ, գեղարվեստական որոշակի մտածողության և ուղղության կրողներ։ Բացի այդ, յուրաքանչյուր ցուցահանդես արվեստագետի, նկարչի կյանքում կարևոր իրադարձություն է, փոփոխություն, որ իր ներքին մտորումների, կտավին թողած ապրումների, մարդկային, գեղագիտական-զգացողական վիճակների շուրջ այլոց հետ շփման հնարավորություն է, անհրաժեշտ հաղորդակցում:
Ցուցահանդեսի բացման խոսքում ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը շնորհավորելով ներկաներին՝ նրբանկատորեն ու ջերմ արտահայտվեց հեղինակների աշխատանքների մասին, ասաց, որ նոր է վերադարձել Ֆրանսիայից, որտեղ աչքը արվեստի նոր որակի շատ գործեր, տարբեր ցուցահանդեսներ է տեսել, սակայն այս աշխատանքները չեն զիջում դրանց: Նա ընդգծեց, կարևոր քայլ համարեց կյանքից հեռացած իրենց նկարիչ ընկերների, կոլեգաների՝ Սարո Գալենցի և Ֆրենկ Գասպարյանի աշխատանքները ցուցահանդեսին մասնակից դարձնելու հանգամանքը:
Ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը արդեն մի քանի տարի շարունակական դարձած դասախոսների ստեղծագործությունների այսպիսի ցուցահանդես-հաշվետվությունների կազմակերպումը, որ ուսումնական պլանի մեջ է ընդգրկվել պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանի առաջարկով, անհրաժեշտ և արդյունավետ համարեց․ «Ես հավանում եմ, շատ լավ ցուցահանդես է»: Նման վերաբերմունք արտահայտեց գծանկարչության և գունանկարչության ամբիոնի վարիչ Վահե Գասպարյանը՝ ուշադրություն հրավիրելով ցուցահանդեսի յուրաքանչյուր մասնակցի ստեղծագործական առանձնահատկություններին, ձեռագրի անհատականությանը, ոճական տարբերություններին, գեղագիտական մոտեցումներին:
Մելանյա Բադալյան