«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացվեցին ֆրանսահայ նկարիչ Դավիթ Ապիկյանի աշխատանքները
Առաջին միջազգային հայկական ֆոտոփառատոնի ավարտին հաշված օրեր են մնացել: Ֆոտոփառատոնը մեկնարկել է օգոստոսի 26-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը: Փոտոփառատոնը այցելուներին հնարավորություն է տալիս ցուցադրությունների ժամանակ ծանոթանալ և շփվել լուսանկարիչների հետ։
Այսօր «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում Ճապոնիան ներկայացնող Շոթա Նագասեի և Ջուն Սատոի աշխատանքների կողքին ցուցադրված էին նաև ֆրանսահայ նկարիչ Դավիթ Ապիկյանի աշխատանքները:
Դավիթ Ապիկյանն ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Սովորել է նաև Տալինի «Viiralt»-ի գեղարվեստի ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում: 1984-ից ապրում է Ֆրանսիայում և զբաղվում գեղանկարչությամբ, գրաֆիկայով, էքսպերիմենտալ անիմացիոն ֆիլմերի ստեղծմամբ:
Դավիթ Ապիկյանը, խոսելով ցուցահանդեսին ցուցադրված իր «Քաղաք»-ը ստեղծագործությունից, նշեց, որ երբ տարիներ առաջ այցելել է Իտալիայի Սան Ջիմինիանո փոքրիկ քաղաքը և տեսել իտալացի նկարիչ Մատեո Ռոսելիի նկարներից մեկը, որն, ի դեպ, պահվում է մենաստանում և հազվադեպ է ցուցադրվում` ոգեշնչվել է և նույնիսկ զարմացել, որ 16-րդ դարում այդպիսի օպտիկական էքսպերիմենտ է իրականացվել. «Նկարում մի կողմից տեսանելի էր Հիսուս Քրիստոսը, մյուս կողմից Աննա Մագդալենան, այս պրինցիպը մտածված է եղել 16-րդ դարում: Իմ «Քաղաք»-ը ստեղծագործությունը այս պրինցիպով է, նկարի մի կողմից նայելիս գիշեր է, իսկ մյուս կողմից` ցերեկ»:
Նկարիչը ցուցասրահում, իր նկարի դիմաց, գետնին հատուկ սպիտակ նշաններ էր փակցրել, որպեսզի այցելուների համար հասկանալի լիներ նկարին տարբեր կողմերից նայելու գաղափարը: «Քաղաք»-ը ստեղծագործության մեջ, բացի սպիտակ և սև գույներից, օգտագործված է նաև կարմիր գույնը. «Մեգապոլիսները մեծանում են, շուտով էլ երկրում տեղ չի լինի, նկարի կարմիր կետերը միջավայրի աղտոտվածությունն են ցույց տալիս» ավելացրեց նկարիչը:
Ապիկյանի աշխատանքները մինչև այս տարվա վերջ կցուցադրվեն նաև Փարիզում, Մոսկվայում, Մյունխենում, Նեապոլում:
Ցուցահանդեսին նկարիչը ցուցադրեց նաև իր ստեղծած անիմացիաներից մի քանիսը` «Միայն արվեստով սնվելը դժվար է, ես նաև կինոների համար հատուկ էֆեկտներ եմ ստեղծում»: Նկարչի խոսքով, իր ստեղծած անիմացիաներից է օգտագործվել նաև «Գլադիատոր» ֆիլմում:
Դավիթ Ապիկյանի մեկ այլ քաղաքի նկար 2011թ. Ֆրանսիայում ցուցադրության ժամանակ մրցանակի է արժանացել. «Երկու մետր լայնքով կտավն ամբողջությամբ սև ներկեցի և սպիտակ գույնով, ակրիլով իմ պատկերացրած քաղաքը նկարեցի, որը հենց ցուցադրության ժամանակ արժանացավ մրցանակի»:
Lragir.am