ՀԳՊԱ-ի 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի հեռավար կազմակերպման վերաբերյալ տեղեկատվություն
1․ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ՀԳՊԱ) հարգելի ուսանողներ նոր կորոնավիրուսի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից ելնելով 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանը կանցկացվի առցանց՝ ZOOM հարթակի միջոցով:
2․ Քննաշրջանի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ՀԳՊԱ-ի պաշտոնական կայքէջում հետևյալ հղումով։ Ստուգարքների, քննությունների և դիտումների մեկնարկի ժամի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կստանաք տվյալ առարկան դասավանդող դասախոսի կողմից:
3․ Ստուգարքների, քննությունների և դիտումների հետ կապված կամ դրանց ընթացքում առաջացած խնդիրների մասին տեղեկացնելու նպատակով անհրաժեշտ է դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանատ.
- Կերպարվեստի ֆակուլտետ՝ հեռ. 010 58 07 86, 093 28 06 39; էլ. փոստ fine_arts@safa.am:
- Դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետ՝ հեռ. 010 54 36 71, 094 51 60 52; էլ. փոստ design_apparts@safa.am:
4․ Առցանց անցկացվող քննաշրջանի ընթացքում բոլոր ստուգարքները, քննությունները և դիտումները կանցկացվեն քննական հանձնաժողովների կողմից:
5․ Դիտումներից առնվազն 2 օր առաջ ուսանողը դասախոսին պետք է ուղարկի կատարված առաջադրանքները։ 1-ին և 2-րդ կուրսերի դիտումների ընթացքում քննական հանձնաժողովի անդամները կարող են առաջադրանքների վերաբերյալ հարցեր ուղղել ուսանողներին: Իսկ 3-րդ կուրսի ուսանողները իրենց աշխատանք(ներ)ը պետք է ներկայացնեն ելույթի միջոցով:
6․ Տեսական բնույթի ստուգարքները և քննությունները կանցկացվեն նախապես հանձնարարված գրավոր աշխատանքների և գնահատման օրը բանավոր հարցերին ուսանողների պատասխանների հիման վրա:
7․ Քննությունից 1 օր առաջ դասախոսը իր խմբի ուսանողներին կուղարկի ZOOM հավելվածի էլեկտրոնային հարթակ մուտք գործելու հղումը և գաղտնաբառը՝ քննության տեսակոնֆերանսին միանալու համար:
8․ Ստուգարքների, քննությունների և դիտումների արդյունքները կհրապարակվեն գնահատումից հետո մեկ օրվա ընթացքում:
9․ Յուրաքանչյուր ուսանող իր քննության ամբողջ ընթացքում պետք է ապահովի տեսակապը (live video) և ձայնային կապը (audio), ըստ անհրաժեշտության՝ նաև իր աշխատանքային սեղանի (desktop) տեսանելիությունը` շնորհանդեսի անհրաժեշտության դեպքում կիրառելով ZOOM հավելվածի համապատասխան գործիքները (share screen (տեսանելի դարձնել էկրանը), whiteboard (գրատախտակ) և այլն):
10․ Եթե մինչև քննության ավարտը ուսանողը չի կարողանում միանալ համապատասխան խմբին, ապա նա պարտավոր է այդ օրը պատճառների մասին տեղեկացնել համապատասխան ֆակուլտետի դեկանին։ Դեկանատը քննության օրը կտեղափոխի մեկ այլ օր՝ տեղեկացնելով դրա մասին ուսանողին: Քննության օրը կարող է տեղափոխվել 1 անգամից ոչ ավել: Եթե ուսանողին 2-րդ անգամ ևս չի հաջողվում միանալ քննող հանձնաժողովին, ապա ուսանողը կհամարվի անհարգելի չներկայացած և կգնահատվի լուծարքային շրջանում։
11․ Ստուգարքի, քննության և դիտման գնահատականն ուսանողը կարող է բողոքարկել գնահատականների հրապարակումից հետո 24 ժամվա ընթացքում՝ ներկայացնելով գրավոր դիմում համապատասխան ֆակուլտետի դեկանի անունով՝ ուղարկելով այն դեկանատի էլեկտրոնային փոստի հասցեին:
12․ Ֆակուլտետի դեկանատը 2 օրվա ընթացքում ZOOM հարթակով կկազմակերպի նոր տեսակոնֆերանս՝ բողոքարկման նիստ անցկացնելու նպատակով, որի ժամը և մասնակցության հղումը կուղարկվի բողոքարկում ներկայացրած ուսանողին:
13․ Բողոքարկման հանձնաժողովում ընդգրկվում են համապատասխան ֆակուլտետի դեկանը, համապատասխան ամբիոնի վարիչը և համապատասխան դասընթացը վարող մեկ այլ դասախոս:
14. Քննության գնահատականի բողոքարկման նիստի ավարտից հետո հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ կայացվում է հետևյալ որոշումներից որևէ մեկը. 1) գնահատականը բարձրացնել, 2) գնահատականը իջեցնել, 3) գնահատականը թողնել անփոփոխ: