Ներառական կրթության ապահովումը ՀԳՊԱ-ում
Քննարկվեցին դասավանդման, ուսումնառության և գնահատման ներառական մեթոդները
Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում ներառական կրթության ապահովման և «Ինքնլյուժն» ծրագրի արդյունքների տարածմանն ուղղված հերթական հանդիպումը բուհի դեկանների, ամբիոնի վարիչների և պրոֆեսորդասախոսական կազմի ներկայացուցիչների հետ: Ծրագրի աշխատանքային խումբը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց բարձրագույն կրթության համակարգում ներառականության ապահովման դասավանդման, ուսուցման և գնահատման ժամանակակից մոտեցումներն ու մեթոդները, ինչպես նաև «Ինքլյուժն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մշակված պետական և ինստիտուցիոնալ փաստաթղթերը:
Հանդիպմանը կարևորվեց բուհի կողմից մշակված և արդեն գործարկվող ներառական կրթության ապահովման քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս ոլորտի խնդիրներին ցուցաբերել համակարգային մոտեցումներ: Հանդիպման ընթացքում տեղի ունեցան տարբեր քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց առաջարկություններն ու մտահոգությունները դասավանդման, ուսուցման և գնահատման ներառական մոտեցումների և մեթոդների վերաբերյալ:Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հանդիպումից հետո բուհի ամբիոնի վարիչները կկազմակերպեն քննարկումներ ամբիոններում կրթական ծրագրերի վերանայման գործընթացում ներառականության բաղադրիչներն ապահովելու նպատակով:
Ծրագրի աշխատանքային խումբը նախատեսում է նման հանդիպումները դարձնել շարունակական՝ ներգրավելով բուհի դասախոսական և վարչական կազմին, ինչպես նաև ուսանողներին:
«Ինքլյուժնը» եռամյա դրամաշնորհային ծրագիր է (2016-2019թթ.), որը համակարգում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան: Ծրագրի նպատակն է նպաստել սոցիալական-ներառական ռազմավարության մշակման ու իրականացման գործընթացներում ՀՀ-ի ու Բոսնիա և Հերցեգովինայի բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացմանը՝ ապահովելով գիտելիքի ու փորձի փոխանակում: Ծրագրի գործընկեր հաստատություններն են՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, «ՈՒՆԻՍՈՆ» հասարակական կազմակերպությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Հայաստանի ուսանողների ազգային ասոցիացիան, «Ավստրիայի համաշխարհային համալսարանների ծառայություն» կազմակերպությունը, Գրացի Կառլ-Ֆրանցենզի, Բելգիայի Լյուվենի և Միացյալ Թագավորության Ռոհեմփթոնի համալսարանները,Բոսնիա և Հերցեգովինայի Տուզլայի և Տրավնիկի համալսարանները, «Սարաևոյի մշակույթների հանդիպում» կազմակերպությունը, Բոսնիա և Հերցեգովինայի կրթության և գիտության ֆեդերալ նախարարությունը: