Լորենցո Մանետտիի ավազե երևակայությունը
Լորենցո Մանետտին շվեյցարացի արտիստ է՝ Շվեյցարիայի իտալական մասից: Առաջին անգամ է Հայաստանում և առաջին անգամ՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Ասում է՝ ցավում է, որ հայերեն չի խոսում, սակայն հիանում է, երբ լսում է այդ հնչեղ լեզուն:
Լորենցոն սովորել է մնջախաղի թատրոնում՝ պար, ակրոբատիկա, մնջախաղ. թատրոնում աշխատել է տասը տարի: Շվեյցարիայի իտալական մասը, որտեղ նրանք ներկայացումներ էին բեմադրում, փոքր էր, պետք էր դուրս գալ ֆրանսիական և իտալական շրջաններ: Նա երկրորդ մասնագիտություն է սովորում, կոնսերվատորիայում դաշնամուրի դասեր առնում: Ջութակահար ընկերոջ հետ դուետ են կազմում և յուրատեսակ զվարճալի ներկայացումներով հանդես գալիս Շվեյցարիայում և եվրոպական շատ երկրներում: Այդպես շուրջ 30 տարի։ Բայց երբ ջութակահար ընկերը թոշակի անցավ, նա մնաց մենակ, ինքն էլ թողեց բեմը և մտահղացավ զբաղվել ավազե նկարչությամբ՝ արդեն 3-4 տարի:
«Դա նշանակում է խաղալ ավազի հետ»,- ասում է Լորենցոն: Բայց նա այս խաղը սարքում է արվեստ, սարքում է ներկայացում՝ ձեռքերի կանոնիկ, սահուն, հղկված շարժումներով, ներդաշնակ երաժշտությամբ, հարուստ երևակայությամբ: Նյութը՝ ավազը ինքնին միտքը տանում է մտորումների, հուշի ու կյանքի վաղանցիկության խոհ է արթնացնում․ այն և՛ կա, և՛ չկա, և՛ իրականություն է և՛ իլյուզիա… Այսպես մտածել թելադրում է ինքը՝ արտիստն իր շարժումներով, իր երևակայությամբ, երբ նկարում է պատկերներ, արագ կերպարանափոխում ու անհետացնում է, ու դա անում է ակնթարթների տևողությամբ:
Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Ստեֆանո Լազզարոտտոն արվեստի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունի, դա երևաց արտիստին ներկայացնելու նրա առաջին իսկ բառերից, երբ հիշեց պորտուգալացի մի բանաստեղծի. «Ես չեմ հավատում ճակատագրին, սակայն հավատում եմ պատահական հանդիպումներին»: Լորենցո Մանետտիին նա տեսել է թատերական մի ներկայացմանը, փնտրել ու գտել է մնջախաղի թատրոնում: Երկու տարի առաջ նույն արտիստին հանդիպել է իր ընկերոջ տանը, որտեղ Լորենցոն YouTube-ով նրան ցույց է տվել իր ավազե նկարչության տեսագրություններից մեկը:
Ամբողջ աշխարհում անցկացվող իտալերենի ամենամյա շաբաթն այս անգամ հոկտեմբերի 21-ից 27-ն է՝ «Իտալերենը բեմի վրա» խորագրով: Ստեֆանո Լազզարոտտոն որոշում է կայացնում ծրագրի շրջանակներում Հայաստան հրավիրել Լորենցոյին և նրա ընկերոջը՝ Անդրեային՝ կարևորելով արվեստագետների՝ հատկապես դասավանդման, ուսուցման պրոցեսը: Լորենցո Մանետտին երկու օր վարպետաց դասեր անցկացրեց ՀԳՊԱ-ում՝ ակադեմիայի ուսանողների, հաջորդ օրը՝ Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների հետ, իսկ այսօր, երեկոյան ավազե նկարչության թատերականացված ներկայացումով հանդես կգա «Բոհեմ» թատրոնում: Ողջունելով հյուրերին՝ ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն ասաց. «Ուրախ եմ, որ Շվեյցարիայի դեսպանը ծրագիր ունի՝ արվեստագետներին Հայաստանում ներկայացնելու և մասնավորապես՝ մեր բուհում: Երկու օր է՝ հետևում եմ Լորենցոյին, նա հիացրեց մեզ: Կարծում եմ՝ շատերին կոգեշնչի ավազե նկարչության այս տեխնիկան, որը հնարավորություն է տալիս շատ արագ երևակայությամբ ստեղծագործելու»:
Ավազե նկարչության տեխնիկան և օգտագործվող միջոցները պարզ են՝ փայտե կամ պլաստիկե խորը տուփ, որտեղ տեղադրվում է սպիտակ կամ թափանցիկ ապակի, ներքևից լուսավորվող էլեկտրական լամպ: Լորենցոն աշխատում է այդտեղ, ստացված պատկերները պրոյեկտվում են բեմի էկրանին: Հիմնական գործիքները «ձեռքերն են», օժանդակ միջոցները կենցաղային զանազան պարզ իրեր են՝ տարբեր սանրեր, խոզանակներ, թելի, փայտի կտոր, պատառաքաղ: Եվ իհարկե՝ նկարչական հատուկ խտության ու չափսի ավազը, որի որակից կախված է արդյունքը:
Լորենցոն դասը վերածում է թատրոնի, այն դիտարժան սարքում, խաղում է ավազի հետ, այդ խաղը վերածում զվարճանքի, մատուցում շատ թեթև, նուրբ հումորով. ասում է, թե՝ «ձեռքիս տակ մեկ ու կես միլիարդ ավազի հատիկ կա, մինչև Հայաստան գալը հաշվել եմ»: Այս զբաղմունքը ունի կլանող, հանգստացնող ազդեցություն, արտթերապիայի մի տեսակ է: Եվ իսկապես, նրա երկօրյա բավական երկար դասաժամերը՝ երեքից ավելի, բնավ զգացնել չտվեցին: Նա ուսանողներին սովորեցրեց աշխատանքային այն եղանակները, որով ստանում է զարմանալի, ծիծաղաշարժ պատկերներ, կոմպոզիցիաներ՝ պարբերաբար ցանկացողներին բեմ հրավիրելով, որ նրանք էլ վայելեն ավազով նկարելու հաճույքը: Ապակի, շատ քիչ քանակությամբ ավազ և ձեռքի շարժումներ, ստացվող պարզ պատկերները՝ կենդանիներ, հեքիաթային կերպարներ, բնապատկերներ, շատ արագ դեֆորմացվում, կերպարանափոխվում են: Մեկ այլ եղանակ տափակ փայտով ստացվող ավազե «թուղթն» է, որի դարչնավուն երանգավորումը հնարավորություն է տալիս կոմպոզիցիոն հնարքների․ այստեղ բացի ձեռքի շարժումներից գործածվում են նաև օժանդակ իրեր: Մեկ ուրիշը ընդգծված պատկերափոխության միջոցն է, ձեռքի վարժ շարժումներով. այստեղ կա շարժման տրամադրություն, իսկ հիմնական «գործիքը» երևակայությունն է: Նա ցուցադրեց մի քանի դրվագ այսօրվա ներկայացումից՝ տարբեր կոմպոզիցիաներ, պատմություններ՝ սյուժետիկ զարգացումներով, թե ինչպես է օրինակ, «փոխհարաբերություններ» զարգանում որսորդի ու կենդանու՝ զոհի միջև, մեկ ուրիշ տեղ՝ մարդն է, ուղտը, հետքեր, ստվերներ ամայի անապատում՝ ետնապլանին իսլամական ճարտարապետական շինություններ. սա վիճակ էր, տրամադրություն, արաբական անվերջանալի թվացող անապատների պես ծորուն երաժշտությամբ:
Պատկերը գեղեցիկ էր: «Ո՞ւմ է դուր գալիս այս նկարը,- հարցրեց ու պատասխան դեռ չստացած, ակնթարթորեն, ձեռքի մի հպումով անհետացրեց՝ ավազը ափերի մեջից ներքև սահեցնելով,- ահա այն: Ավազի այս հնարավորությունը թույլ է տալիս դուրս մղել մեր էսթետիկ մտահղացումները՝ ամենատարբեր չափաբաժիններով և ընթացքում ստանալ շատ տարբեր պատկերներ նրանից, ինչ մենք ունեինք ի սկզբանե մեր մտքում»,- ասում է նա:
Ավազե նկարչությունը ձեռքերի պլաստիկ, վարպետ շարժման արվեստ է, խաղ է, զվարճանք կամ թատրոն, ստեղծագործելու մի վիճակ է, որտեղ ամենակարևորը պատկերացումն է, երևակայությունը։ եվ պատահական չէր Ալբերտ Էյնշտեյնի հայտնի խոսքի հիշատակումը, թե «Երևակայությունը շատ ավելի կարևոր է իմացությունից»:
Հենց այդպես էլ նա ավազով նկարեց Էյնշտեյնի դիմանակարը, շատ հեշտ անցնելով՝ կերպարից կերպար: Պա՞րզ, թե՞ բարդ.- մետամորֆոզ է, երևակայություն…
Մելանյա Բադալյան