ՀԳՊԱ-ն արժանացել է պատվավոր մրցանակի
Սեպտեմբերի 9-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, ՀՀ Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում «Media Onix» Մշակույթի և տուրիզմի քարոզչության ընկերությունը կազմակերպել էր «Արվեստների և արհեստների միջազգային փառատոնը»։
Արդեն ավանդական դարձած այս փառատոնը առանձնակի էր իր ընդգրկվածությամբ։ Ներկայացված էին ՀՀ բոլոր մարզերը, Արցախը, Հայաստանում ապրող ազգային էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպանություններ, որոնք առանձին տաղավարներով ներկայացեցին իրենց երկրների մշակույթը, ավանդական արհեստները, ազգային խոհանոցը և այլն։ Տարիներ շարունակ փառատոնին մասնակցում են նաև Հայաստանի մշակութային կենտրոններ, բուհեր, արվեստի դպրոցներ, անհատ ստեղծագործողներ։
Փառատոնի շրջանակներում ազգային արվեստների և արհեստների ավանդույթներն ու մշակույթը պահպանելու և տարածելու գործում ունեցած ավանդի համար պարգևատրվեցին բազմաթիվ տաղանդաշատ անհատներ և կոլեկտիվներ։ Այս տարի պատվավոր մրցանակի է արժանացել նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան։ Փառատոնի գեղարվեստական խորհուրդը գնահատեց դեկորատիվ կիրառական արվեստի, ազգային մշակույթի ավանդույթները սերուդների սեփականությունը դարձնելու գործում ակադեմիայի երկարամյա գործունեությունը։ Մրցանակների հանձման արարողությանը ներկա էր ՀԳՊԱ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Կաշինան։ Վերջինս իր երախտիքի խոսքն ուղղեց «Արվեստների և արհեստների միջազգային փառատոնի» կազմակերպիչներին և ստացավ ակադեմիային շնորհված պատվավոր մրցանակը։