Դիպլոմների հանձնման պաշտոնական արարողություն ՀԳՊԱ-ում
2022/2023 ուսումնական տարվա ՀԳՊԱ-ի Կերպարվեստի և Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետների շրջանավարտների հիշողության մեջ երկար կմնան հունիսի 15-ը և 18-ը՝ բուհական ուսումնառության շրջանի ավարտը և դիպլոմավորված մասնագետի կոչումին արժանանալը։ Սա մի ներքին վիճակ է, երբ տարբեր զգացումներ խառնվում, հաջորդում են միմյանց՝ ուրախության, ինչ-որ առումով տխրության ու կարոտի, կա նաև շփոթմունք՝ կյանքի նոր, անծանոթ ընթացքի։
Ակադեմիայի դահլիճում նրանց գեղեցիկ անակնկալ էր սպասվում․ նրանք առաջին շրջանավարտներն էին, որ ավարտական համազգեստներով և պաշտոնական արարողությամբ հրաժեշտ տվեցին մայր բուհին։ Հայաստանի Հանրապետության պետական և ուսանողության օրհներգներով սկսվեց դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը։
Հուզիչ էր լռության րոպեն՝ հարգանքի տուրք 2020-ի քառասունչորսօրյա պատերազմին զոհ գնացած քանդակագործության բաժնի ավարտական կուրսի ուսանող Տարոն Փիլիպոսյանի հիշատակին․․․
Արարողությունը սկսվեց կրթական ծրագրերի մշակումների բաժնի ղեկավար, միջոցառման պատասխանատու և վարող Ռուզաննա Մինասյանի՝ շրջանավարտներին ուղղված շնորհավորանքի և ողջյունի խոսքով․ «Այսօրվանից դուք կյանքի նոր շրջան եք անցնում, երբ պետք է դրսևորեք ձեզ որպես մասնագետ և պատասխանատվություն եք կրելու։ Ակադեմիայում ձեր ստացած մասնագիտական գիտելիքները, հմտությունները պիտի ուղղեք մեր երկրի մշակույթի, արվեստի, տնտեսության զարգացմանը։ Համոզված եմ, որ ՀԳՊԱ-ի անունը պատվով եք պահելու»։
Ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը, դիմելով շրջանավարտներին, մասնավորապես ընդգծեց մասնագիտական ունակությունները, գիտելիքները անընդհատ զարգացնելու անհրաժեշտությունը․ «Աշխարհն այսօր անընդհատ փոփոխվում է, փոփոխվում են մասնագետներին և արվեստագետներին ներկայացվող պահանջները։ Դուք պիտի ունակ լինեք համընթաց գնալու այդ փոփոխություններին, պատվով պահելու ձեր որակավորումը՝ դիպլոմավորված արվեստագետի»։
Հետագա հաջողություններ մաղթելով նրանց, շրջանավարտներին հիշեցրեց դեպի մայր բուհը հարգանքի ու երախտագիտության զգացումի պահպանումը․ «Անպայման շարունակեք պահպանել կապը բուհի հետ։ Մենք ուրախ կլինենք ներկա գտնվելու ձեր կազմակերպած ցուցահանդեսներին, և դուք էլ օգտվելու ակադեմիայի՝ շրջանավարտների համար ընձեռած հնարավորություններից։ Նաև հիշեք, երբ հաջողությունների հասնեք, իսկ ես վստահ եմ, որ այդպես է լինելու, հնարավորությունների սահմաններում պետք է աջակցեք ձեր բուհին»։
ՀՀ ժողովրդական նկարիչ, Արվեստի վաստակավոր գործիչ, ՀԳՊԱ-ի ռեկտորի խորհրդական, Գեղանկարչության ամբիոնի վարիչ Արամ Իսաբեկյանը նկատելիորեն հուզված էր․ հուզված էր իր ուսանողներին հրաժեշտ տալու համար, նաև ավարտական գեղեցիկ համազգեստներով նրանց տեսքից․ «Տեսեք՝ ինչ սիրուն եք բոլորդ, որքան սիրուն են ձեր զգեստները․․․ Չգիտեմ՝ դուք ինչ զգացումներ ունեք, բայց 70-ամյա իմ կյանքի փորձից ինձ համար ամենահրաշալի տարիները ուսանողության տարիները մնացին»։
Նա խոսեց ակադեմիայի պատմության, անցած տասնամյակների ընթացքում տված հարյուրավոր շրջանավարտների մասին, որոնց մեջ հայտնի շատ արվեստագետներ են եղել՝ փառք ու պատիվ բերելով հայկական արվեստին, Գեղարվեստի ակադեմիային։ Նա հույս հայտնեց, որ ներկայիս շրջանավարտները ևս իրենց լուման կունենան մեր արվեստի, մշակույթի զարգացման մեջ։ Մաղթելով հաջողություններ ստեղծագործական ճանապարհին և անձնական կյանքում, անփորձանք տարիներ՝ նա խորը տխրությամբ հիշատակեց 2020-ի պատերազմում ակադեմիայի ուսանողների ցավալի կորուստները։ Հիշեցրեց Մկրտիչ Այվազյանի հորդորը՝ պահպանելու կապը մայր բուհի հետ, անհրաժեշտության դեպքում իրենց ձայնը, մասնակցությունը բերելու ակադեմիայի համար կարևորագույն խնդիրներին։
Շրջանավարտների անունից շնորհակալական խոսքով հանդես եկան Մանե Մակյանը, Աննա Գևորգյանը և Մարիա Ֆրանկյանը՝ ուղղված ակադեմիայի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին, ուսխորհրդի անդամներին, բուհում ուսանելու ժամանակ բոլոր իրենց աջակիցներին։
Ավանդաբար ՀԳՊԱ-ի շրջանավարտներին լավագույն դիպլոմային աշխատանքների համար շնորհվում են անվանական մրցանակներ և տրվում են դրամական պարգևներ։ Հանդիսավոր երաժշտության ներքո սկսվեց նախ մրցանակների, ապա և դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը, որն էլ ավարտվեց շրջանավարտների խմբակային լուսանկարներով և իհարկե՝ գլխարկների օդ նետման վարակիչ ուրախությամբ։
Բարի երթ նրանց։
Մելանյա Բադալյան
Դիպլոմների հանձնման արարողության լուսանկարները կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով․
Գեղանկարչություն, Գրաֆիկա, Քանդակագործություն, Դեկորատիվ կիրառական արվեստ
Արդյունաբերական դիզայն, Ինտերիերի դիզայն, Հագուստի մոդելավորում, Համակարգչային գրաֆիկա