![](https://safa.am/wp-content/uploads/2021/04/5J6A6046.jpg)
Վերազինում մշակույթի մեջ և ամենուր
«105 ռոյալ»
«105 ռոյալ»՝ «Դարի ղողանջ» հիմնադրամի երկու տարի առաջ նախաձեռնած ծրագիրն իրականացնել չհաջողվեց սկսված համավարակի և պատերազմի պատճառով։ Հիմնադրամի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը պատմում է, որ համագործակցության առաջարկով դիմելով 17-րդ դարից ռոյալ արտադրող գերմանական հայտնի ֆիրմային՝ ստացել է համաձայնություն՝ ձեռք բերելու 105 երաժշտական գործիք:
2020 թվականը աննախադեպ, անբարենպաստ ու դժբախտ տարի եղավ հատկապես հայերիս համար: Այդ տարվա ապրիլը անցած դարի 70-ականներից այս կողմ առաջինն էր, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը մնաց դատարկ. համավարակ էր… Անկատար մնաց նաև «Դարի ղողանջ» հիմնադրամի հիշյալ ծրագիրը. 105 ռոյալ տեղադրվելու էր Հայոց ցեղասպանության թանգարանին մոտ տարածքում՝ դեպի անմար կրակը տանող ճանապարհի երկու կողմերում. եկեղեցական արարողությունից հետո Ծիծեռնակաբերդի բարձունքը ողողվելու էր Կոմիտասյան մեղեդիներով: Նախատեսված էին 105 երաժիշտներից բաղկացած սիմֆոնիկ նվագախմբի կատարումներ՝ դիրիժորությամբ Էդուարդ Թոփչյանի, Կոնստանտին Օրբելյանի, Սերգեյ Սմբատյանի: Միջոցառումից հետո ռոյալները նվիրվելու էին Հայաստանի և Արցախի երաժշտական դպրոցներին: Չիրականացված ծրագիրը հիմնադրամը հարմարեցրեց ժամանակի նոր իրողություններին՝ 2021-ը հայտարարելով մշակույթի վերազինման տարի: Արթուր Հովհաննիսյանը հիշատակում է Ուինսթոն Չերչիլի այն խոսքը, թե՝ «Եթե մշակույթ չկա, այդ դեպքում ինչի՞ համար ենք պատերազմում»:
Գարնան առաջին օրը Շառլ Ազնավուրի հրապարակում հիմնադրամը բացում է մշակութային տաղավար՝ Նաթան սրբազանի օրհնությամբ, Ռոբերտ Մլքեյանի երգչախմբի, անվանի մարդկանց մասնակցությամբ: Ակցիան բարեգործական ուղղվածություն ունի: Մեկ ամսից ավելի այս հրապարակում ելույթներ են ունենում Երևանի և Հայաստանի տարբեր շրջանների երաժշտական դպրոցների սաներ: Բացօթյա համերգներին արդեն ավելի քան 600 երեխա ինքնադրսևորման հնարավորություն է ստացել, հընթացս հանգանակվող գումարը ծառայելու է «105 ռոյալ» ծրագրին:
Երեկ ամառվա տաք արև էր Ազնավուրի հրապարակում: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության բաժնի ուսանողները մոլբերտներ էին տեղադրել այնտեղ: Նկարիչների միության առաջարկով և ակադեմիայի ուսխորհրդի նախագահի ընտրությամբ հինգ ուսանող սիրով մասնակցեցին «105 ռոյալ» ծրագրի աջակցման միջոցառմանը: Մի քանի ժամ Վահագն Հայրապետյանի ջազային նվագակցությամբ նրանք նկարում էին. անկասկած՝ երաժշտության ներկայությունը փոխում էր մթնոլորտը, հավանաբար նաև ազդում նկարչական տրամադրությունների վրա:
Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ասում է, որ այդ հինգ աշխատանքները դրվելու են աճուրդի, վաճառքից ստացված գումարը տրամադրվելու է «105 ռոյալ» ծրագրին, մասնակից ուսանողները կպարգևատրվեն Նկարիչների միության և «Դարի ղողանջ» հիմնադրամի շնորհակալագրերով: «Հույս ունենք, որ մեր լուման ներդնելով՝ կվարակենք ուրիշ կազմակերպությունների նույնպես, որպեսզի նրանք էլ միանան և աջակցեն այս ծրագրին. չէ՞ որ 105 ռոյալ տրվելու է Հայաստանի և Արցախի երաժշտական դպրոցներին»:
Հիմնադրամը ծրագիրը մտահղանալու պահից աջակցության (երաժիշտների ներգրավում, լրատվության ապահովում, հայտնի մարդկանց իրազեկում և այլ) հուշագրային համաձայնություն ունի ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարությունների հետ: Առայժմ որևէ աջակցություն նրանցից չեն ստացել, իրենք արդեն շուրջ 300 մարդու հետ ունեցել են հանդիպումներ (Սերժ Թանկյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան և ուրիշներ):
Այս պատերազմը մեծ արհավիրք էր, համազգային պարտություն, որ մեզ մղում է վերագնահատելու ու վերաիմաստավորելու շատ ու շատ բաներ, շատ արժեքներ, նախևառաջ՝ յուրաքանչյուրս մեր ապրած կյանքը, գործը, վերաբերմունքն ու պատասխանատվությունը: Արթուր Հովհաննիսյանը մտածում է սթափ. սուգը պետք է հաղթահարել, որքան էլ այն ծանր է, պետք է պայքարել, իսկ դրա լավագույն ձևը աշխատելն է, գործ անելը. «Այս մեկ ամսվա ընթացքում այստեղ հավաքված երեխաների աչքերում միայն ուրախություն կար…»: Հազարավոր զոհերի հիշատակի լավագույն տուրքը վերականգնվելն է, վերհառնելը՝ ստեղծագործապես, տնտեսապես, ռազմականորեն, մշակութապես: 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշողությունը նույնպես սա է պահանջում: Այս ծանր, ցավոտ անցյալի՝ հիշողության կամրջումը հիմնադրամի տնօրենը համարում է մշակութային վերազինումը, ասել է թե՝ Հայրենիքի արժանավայել վերաստեղծագործումը, վերակերտումը:
Մելանյա Բադալյան