«Վերջակետը» նորի շարունակություն
Կամո Ալոյանի ցուցահանդեսային «Վերջակետ» խորագիրը բնութագրական բովանդակություն ունի. այն ստեղծագործական որոշակի փուլի, այն է` ուսանողական շրջանի ավարտի և նոր ճանապարհի սկզբի նշանակությամբ է։ Թե ստեղծագործական ինչպիսի փոփոխություններ կկրի նրա արվեստը, քանդակագործի գեղարվեստական մտածողության, հայացքի խնդիր է։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործություն կրթական ծրագրի մագիստրատուրայի շրջանավարտի անհատական ցուցահանդեսը, բացված «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, տպավորությունների տարատեսակ ալիքներ է առաջացնում իր բազմազանությամբ՝ նախ ժամանակի խորը անցումներով։
Արվեստագետի հայացքը մեր օրերից հասնում է հնագույն անցյալին՝ քարե դարին՝ պոլեոլիթյանից նեոլիթյան՝ քարե դարի վերջին դարաշրջանին։ Այս շարքերը հետաքրքրական իմաստներ են կրում։ Արվեստագետի քանդակի նյութը քարն է, երբեմն փայտի համադրությամբ։ Տեղափոխելով հայացքը քարե դար՝ նա դիտարկում է նյութի անմշակ, նախնական վիճակները, ձեռքի թեթևակի հպումները ձևի փոփոխությունների որոշակի արձանագրումներով, գրեթե չեն փոխում նյութի բնականությունը։ Ժամանակների հոսքում է ամեն բան փոխվում, մարդու կամքն ու երևակայությունը իրենց կնիքն են դնում բնության վրա, փոխում նյութը՝ թե ուտիլիտար, թե ստեղծագործական առումներով։ Ըստ էության, մարդու հայտնվելն աշխարհում նախնական նյութը մշակելու, փոխելու, ստեղծագործելու նշանակությամբ է նաև…
Կամո Ալոյանի երևակայական աշխարհը բնականորեն սնվում է արտաքին աշխարհի երևույթներից՝ «Երազ», «Հայացք», «Հեռու», «Հեռախոսազրույց», «Կոկետուհի», «Խոյ», «Ձուկ» գործերն այդպիսին են։ Ընդգծված զգացականությամբ են օժտված «Մայրություն», «Ծնունդ», «Նե» աշխատանքները։ Նա ունի իր պատկերացումները հայ մշակույթի երկու երևելիների՝ Գրիգոր Նարեկացու և Հրաչյա Աճառյանի։ Էքսպոզիցիայի կենտրոնում դրված չափերով ամենից մեծ քանդակը կոչվում է «Հուշեր անցյալից»։ Աքաղաղը, լուսաբացի, արթնացնումի ազդարարը հեծած մարդուն։ Այս աշխատանքի շարունակություն կարելի է դիտել «Գարունը», բնության զարթոնքը կնոջ կերպարով՝ երազի թռչուններն ուսերին…
Ցուցահանդեսի բացմանը ՀԳՊԱ-ի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանը բնութագրեց Կամո Ալոյանին որպես ինքնուրույն մտածող ուսանողի, իր ասելիքը առաջ տանելու կամքի տեր անձնավորության։ «Ուսանողն իր կյանքն ունի, իր պահանջները, իր խնդիրները, հակասական բաներ են լինում նաև, բայց դրա մեջ երևում է տվյալ անձի ներքինը, իր եսը, իր ասելիքը առաջ տանելու մղումը։ Քիչ մարդիկ կան այդպիսիք, էդպիսի բաները չեն սովորեցնում, դա կամ լինում է մարդու մեջ, կամ չի լինում։ Կամոյի մոտ կա դա, իր ասելիքը, բազմաժանր մտածողությունը։ Պրոֆեսիոնալիզմը ոչինչ է, եթե մտածել չկա, եթե մարդը մտածել գիտի, կկարողանա իր ասելիքը հասցնել դիտողին։ Կամոն այդ կարողության տեր է, նա անցել է այնպիսի մի ճանապարհ իր ղեկավարի հետ, որի արդյունքը շոշափելիորեն տեսանելի է»։
Քանդակագործության ամբիոնի վարիչի՝ Գարեգին Դավթյանի համար որևէ երևույթ կապված քանդակի հետ տոն է, հատկապես երբ այն վերաբերում է իր ուսանողին։ «Կարիք չկա այստեղ որոնել կյանքի ռեալություն, այստեղ մենք պետք է փորձենք տեսնել միտք և զգացում։ Արվեստագետի նպատակը ճշմարտության որոնումն է, դուք այստեղ չեք գտնի գեղեցկացնելու որևէ երևույթ, այստեղ տեսնում ենք արվեստագետի մոտեցում. տձև քարը չի կորցնում մշակույթի ունակությունը։ Նա իրը, երևույթը արվեստագետի նման է տեսնում, որի առաջին պատասխանատուն նախևառաջ ինքն է, ապա` հասարակությունը»։ Հասարակական կարծիքը իրականում մեծ գործեր ստեղծելու ճանապարհին հիմնականում խոչընդոտի է վերածվում. մեծերի փորձը դրա վկայությունն է։ Գարեգին Դավթյանի աշակերտը այդ ուղու վրա է. «Նա փորձում է իր ճանապարհը տեսնել»։
Ցուցահանդեսի համադրող արվեստաբան Լուսինե Համբարձումյանը անակնկալ ինքնատիպ մտածողությամբ բնութագրեց Կամո Ալոյանի արվեստը, որով նա «նոր շունչ է բերում արդեն տեսած աշխարհի մեջ։ Որոշ քանդակներ փորձ են անում քարացնել պահը, որոշներում ակտիվ շարժում կա»։ Իր այս փորձառությունից ելնելով՝ նա ցանկություն հայտնեց ավելի ակտիվացնել այս տարածքը. այն է՝ արվեստագետի ու արվեստաբանի համագործակցություններն ու փոխհարաբերությունները։
Իսկ Կամո Ալոյանի համար կարևորը մարդկանց փոխանցելի դարձնելն է իր մտքերն ու Էմոցիաները, այն ինչ ստացել, վերցրել է բնությունից վերադարձնել ստեղծագործաբար։
Մելանյա Բադալյան