Թանգարանների գիշեր
Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, Հայաստանում մի շարք միջոցառումներ են նախատեսված, որոնք կշարունակվեն մայիսի 20-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ։ Այս տարի թանգարանների միջազգային օրը կանցկացվի «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրի ներքո։
Մայիսի 18-ին թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին, և մայիսի 20-ին՝ ժամը 11:00-24:00-ն։ Ծրագրին միացած Հայաստանի և Արցախի 116 թանգարաններ բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առջև՝ այցելուներին առաջարկելով ճանաչողական և կրթական թեմատիկ ծրագրեր։ Այս տարվա բոլոր նախատեսված միջոցառումների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Նշենք, որ Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է 1977-ին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից։ «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ։ Հայաստանը «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացել է 2005-ից: