Լուսանկարչական մրցույթ «Մատենադարանն իմ աչքերով»
Մատենադարանը հայ մշակույթի պահպանման և հանրահռչակման խոշորագույն կենտրոններից մեկն է։ Այն իր հարուստ հավաքածուով և պատմական նշանակությամբ ամեն տարի հազարավոր այցելուների է հյուրընկալում, որոնք հիանում են Մատենադարանի շենքի ներքին և արտաքին հարդարանքով, ցուցանմուշներով և բազմաթիվ լուսանկարներ են ստեղծում։ Այժմ Մատենադարանը հայտարարում է լուսանկարների մրցույթ:
Մրցույթի մասնակցության ընդհանուր դրույթներն են․
- մրցույթին կարող է մասնակցել 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ, ցանկացած երկրից;
- ամեն մի մասնակից կարող է ուղարկել առավելագույնը 3 լուսանկար;
- լուսանկարները կարող են պատկերել Մատենադարանի և արտաքին ճարտարապետության, և ներքին հարդարանքի տարրեր;
- լուսանկարները պետք է լինեն միայն JPG, jpg ձևաչափով, գերադասելի է 300 dpi ծավալով;
- լուսանկարների վրա չպետք է լինեն հեղինակային իրավունքը փաստող մանրամասներ (անուն, ազգանուն, գրական կեղծանվան հապավված տարբերակ, հեղինակային իրավունքի նշանի (©) կիրառում) հանձնաժողովի անկողմնակալ գնահատականին արժանանալու համար;
- այլ մրցույթների մասնակցած կամ տպագրված լուսանկարները ևս ընդունվում են:
Տեղեկացնենք, որ ապրիլի 11-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Մատենադարանի ներսում կթույլատրվի լուսանկարչական սարքով լուսանկարել, սակայն առանց լուսաբռնկիչի (flash, фотовспышка) կիրառման։
Մատենադարան մուտքը կթույլատրվի թանգարանային տոմսերով:
Մրցույթի համար ուղարկված լուսանկարները հնարավոր է հետագայում հեղինակային իրավունքների պահպանմամբ հրապարակվեն Մատենադարանի սոցիալական էջերում կամ հրատարակվեն Մատենադարանի կողմից երաշխավորված գրքերում, ուստի մրցույթին մասնակցելով, փաստացի, այդ առումով լուսանկարիչը տալիս է իր համաձայնությունը։
Լուսանկարի թվային տարբերակն անհրաժեշտ է ուղարկել pr.mateadaran@gmail.com էլ. հասցեին՝ վերնագրում (subject) նշելով «Լուսանկարների մրցույթ»: Նամակում պարտադիր է նշել․
- հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը;
- տարիքը;
- քաղաքը, երկիրը;
- լուսանկարի վերնագիրը;
- լուսանկարի ստեղծման տարեթիվը;
- հեռախոսահամարը։
Ըստ հանձնաժողովի գնահատման արդյունքների՝ կլինի երեք հաղթող, որոնց կտրվեն․
- առաջին հորիզոնական՝ 150 000 դրամ, պատվոգիր և խրախուսական նվերներ;
- երկրորդ հորիզոնական՝ 100 000 դրամ, պատվոգիր և խրախուսական նվերներ;
- երրորդ հորիզոնական՝ 50 000 դրամ, պատվոգիր և խրախուսական նվերներ։
«Մատենադարանն իմ աչքերով» խորագիրը կրող լուսանկարների մրցույթի հանձնաժողովի անդամներն են․
- Կարեն Մաթևոսյան – Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար;
- Իվեթ Թաջարյան – արվեստաբան, Մատենադարանի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ;
- Գրետա Գասպարյան – արվեստաբան, Մատենադարան;
- Մարկ Գրիգորյան – գրող, լրագրող, Ալ․ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն;
- Սոնա Հարությունյան – «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր։
Եզրափակիչ փուլ անցած 20 լուսանկար մայիսի 20-ից կցուցադրվի Մատենադարանի քարադարանի ճեմասրահում, իսկ լուսանկարիչներին կտրամադրվի պատվոգիր մրցույթին մասնակցելու և եզրափակիչ փուլ անցնելու համար։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն և մրցանակները կհանձնվեն մայիսի 20-ին՝ ժամը 19:00-ին, «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում։