Ամփոփվել են «Աշխարհը նկարչի աչքերով» մրցույթի արդյունքները
2023 թվականի փետրվարի 21-ից մարտի 14-ը Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում «Աշխարհի շուրջ․ Արվեստն առանց սահմանների» միջազգային փառատոնի շրջանակներում անց է կացվել «Աշխարհը նկարչի աչքերով» ցուցահանդես-մրցույթը։ Վերջինիս մասնակցում էին ակադեմիայի ուսանողներ և դասախոսներ, ինչպես նաև նկարիչներ ու դիզայներներ աշխարհի 24 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։ Մրցույթն անցկացվել է առցանց և առկա ձևաչափերով, ներկայացվել է 749 աշխատանք, որոնցից ժյուրիի անդամները բաց քվեարկությամբ ընտրել են 4-ական հաղթողների՝ անվանակարգերից յուրաքանչյուրում։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պաշտոնական կայքէջի պատասխանատու Մեսրոպ Մեսրոպյանը մրցույթին ներկայացրել էր մի քանի լուսանկար, որոնցից մեկը՝ «Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա, բոլորովին չկա․․․» աշխատանքը, գրավել է առաջին տեղը «Պրոֆեսիոնալ նկարիչ. Կոմպոզիցիա» անվանակարգում։ Իսկ ՀԳՊԱ-ի Գրաֆիկա կրթական ծրագրի շրջանավարտ, այժմ ասպիրանտ Միսակ Հարթենյանն իր «Գարուն» կտավով ճանաչվել է մրցույթի դափնեկիր «Ուսանողներ․ Բնանկար» անվանակարգում։
Շնորհավորում ենք հաղթողներին և մաղթում հետագա հաջողություններ։ «Աշխարհը նկարչի աչքերով» ցուցահանդես-մրցույթի բոլոր հաղթող աշխատանքները կարող եք տեսնել այստեղ։