Դեկորատիվ կիրառական արվեստի ավարտական աշխատանքների ցուցահանդեսում
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի երեկվա ցուցահանդեսը՝ դեկորատիվ կիրառական արվեստ կրթական ծրագրի ուսանողների, արժանացավ շնորհակալական և շնորհավորական խոսքերի։ Ավարտական աշխատանքները՝ որպես հանրագումար ակադեմիական ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքի և հմտության, գնահատվեց բարձր։
Ցուցասրահի պատերը զարդարած կարպետները, գորգերը, գոբելենները խնամքի ու հոգատար աշխատանքի արդյունք են, արհեստի ու արվեստի հմուտ զուգակցման, գորգագործական արվեստի ավանդական զարդանախշերի կիրառումն ու պատկերային տարատեսակ նորամուծությունները հանգեցրել էին գեղեցիկ արդյունքի։
Դժվար է պատկերացնել մեկին, որ անտարբեր լինի կերամիկական արվեստի նկատմամբ։ Հավանաբար պատճառներից մեկը նյութի՝ կավի, ամենավաղ ժամանակներից սկսած մարդուն ուղեկցելը, նրան խիստ օգտակար լինելն է։ Կավագործությունը, հետագայում ընդլայնելով այդ օգտակարությունը, հասավ նաև գեղագիտական պահանջմունքների բավարարման՝ վերածվելով արվեստի առանձին ճյուղի։ Ցուցադրված կերամիկական գործերի գեղարվեստականությունը՝ քանդակային, նկարչական տարրերի առկայությամբ շատ գրավիչ էր դրձնում դիտումը. տոնականություն կար աշխատանքների մեջ։ Սա դասախոս-ուսանող աշխատանքային փոխըմբռնման և ճիշտ հարաբերության վկայություն է։ Այդ մասին էր դեկորատիվ կիրառական ամբիոնի վարիչ Մարիա Բաբյանի գնահատականի շնորհակալական խոսքը։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերամիկայի լաբորատորիան հագեցած է արդիական անհրաժեշտ սարքավորումներով և նյութերով, ինչը և աշխատանքի նման արդյունքի հիմնական պատճառներից է։ Լաբորատորիայի նորացման, վերազինման գործում մեծ ներդրում ունի տնտեսական գծով պրոռեկտոր Ստեփան Եզդողլյանը,- այս մասին առանձնահատուկ ընդգծեց դասախոս Կոնստանտին Պետրոսյանն իր խոսքում։
Ստեփան Եզդողլյանը նման միջոցառումներին հազվադեպ է ելույթ ունենում, սակայն այս անգամ չլռեց. ասաց, որ տեսնելով նյութը նախնական, զրոյական վիճակից ինչպիսի ճանապարհ է անցնում, ինչ ձևափոխումների է ենթարկվում մինչև ստանում է պահանջված տեսք, չէր կարող չխոսել։ Հետագա հաջողություններ մաղթելով ուսանողներին` նա նաև նշեց, թե որքան կարևոր է իրենց ընտրած մասնագիտությունը, որովհետև լինելով հնագույններից մեկը, այն նաև մշտական է, հիմնական՝ տարբերությամբ մի շարք նոր, խիստ արդիական համարվողների, որոնցից շատերը ինչպես գալիս, այնպես էլ գնում են։
«Մենք օգնել ենք ձեզ գեղարվեստի այս ճանապարհը հաղթահարելու, հնարավորություններ ենք ստեղծել մասնակցելու տարբեր ցուցահանդեսների․ Նկարիչների միության, ակադեմիայի ցուցասրահներում շատ լուրջ ցուցահանդեսներ եք ունեցել, և ուսման այս տարիները ձեզ նվեր են եղել։ Բայց մենք սպասելիքներ ունենք ձեզնից, և դա այն է, որ դուք շարունակեք ձեր ստեղծագործական կյանքը և ցուցադրվեք, թե չէ կզրոյանա այն գործունեությունը, ինչ արել եք այս տարիներին։ Դուք պարտավորություն ունեք և այն է՝ շարունակել ստեղծագործել»,- այսպիսին էր գորգագործության դասախոս Հասմիկ Ղազարյանի՝ ուսանողներին ուղղված մաղթանքը։
Մելանյա Բադալյան