ՀԳՊԱ-ի ուսանողները «Ակադեմիական գծանկարչություն» միջազգային մրցույթի հաղթողներ են դարձել
Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական պետական ակադեմիայի Մեծ ցուցասրահում սույն թվականի ապրիլի 1-ին տեղի է ունեցել «Ակադեմիական գծանկարչություն» XIV-րդ միջազգային ուսանողական մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը: Մրցույթին մասնակցել է ավելի քան 160 ուսանող Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից, Լատվիայից և այլ երկրներից:
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի արտաքին կապերի բաժնի և Գծանկարչության և գունանկարչության ամբիոնի վարիչ Վահե Գասպարյանի ջանքերով մրցույթին մասնակցել է ՀԳՊԱ-ի 11 ուսանող և 1 շրջանավարտ: Արդյունքում՝ Գեղանկարչություն բակալավրի կրթական ծրագրի ուսանողներ Ռաֆայել Հովհաննիսյանը (4-րդ կուրս, ղեկավար՝ Փարավոն Միրզոյան) և Տիգրան Սենեքերիմյանը (3-րդ կուրս, ղեկավար՝ Փարավոն Միրզոյան) «Դիմանկար. գրաֆիկական ծավալա-տարածական լուծում» անվանակարգում զբաղեցրել են համապատասխանաբար առաջին և երրորդ տեղերը։ Հագուստի մոդելավորում բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտ Գյուլիզար Հակոբյանը (ղեկավար՝ Տիգրան Կիրակոսյան) «Դիմանկար. գրաֆիկական դեկորատիվ-հարթային լուծում» անվանակարգում զբաղեցրել է 2-րդ տեղը։
Նշենք, որ մրցույթին մասնակցել է նաև Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական պետական ակադեմիայում փոխանակման ծրագրի շրջանակներում սովորող Դեկորատիվ կիրառական արվեստ բակալավրի կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Շահվերդյանը: