Թերեզա Միրզոյանի հուշատախտակը ՀԳՊԱ-ի պատին
Եվս մեկ հիշարժան օր գրանցվեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պատմության էջերում․ անցած ուրբաթ, անձրևային կեսօրին ակադեմիայի բակում կատարվեց հուշատախտակի բացման արարողություն։ Քանդակագործության ամբիոնի պատին տեղադրվեց ՀԳՊԱ-ի վաստակաշատ մանկավարժ, քանդակագործ Թերեզա Միրզոյանի հուշատախտակը, ամբիոնը անվանվեց արվեստագիտուհու պատվին, որի քանդակները տեղադրված են Երևանում և Հայաստանի տարբեր վայրերում։ Դրանք հիմնականում կանացի կերպարների մեջ մարմնավորած նուրբ, խորը զգացմունքային արտահայտություններ կրող գործեր են՝ սիրո, մայրության, սպասման, կարոտի, ցավի, ազատության, ինչպես՝ «Կժով աղջիկը», «Թռիչք», «Սպասում», «Ողբ»։
Թերեզա Միրզոյանը սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում, դասվանդել է Երևանի գեղարվեստի ուսաումնարանում, ապա 1947-ից Գեղարվեստի ինստիտուտում (ներկայիս Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում), 20 տարի ղեկավարել քանդակագործության ամբիոնը։ Այդ տարիների նրա աշխատանքային, ստեղծագործական գործունեության, որպես մանկավարժի, նրա մարդկային կերպարի մասին խոսեց ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը։ Հիշողությունը մի քանի րոպեով ժամանակը ետ տարավ․ աշխատանքային հարաբերություններից բացի Արամ Իսաբեկյանը պատմեց իրենց ընտանեկան մտերիմ կապերի մասին։ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում Թերեզա Միրզոյանը Էդուարդ Իսաբեկյանի, Արփենիկ Նալբանդյանի, ևս մի քանի հայ ուսանողների հետ է սովորել, նրանց ընկերությունը հետագայում շարունակվել է թե՛ աշխատանքային, թե՛ ընտանեկան-անձնական մակարդակներում։ «Կարևոր օր է այսօր, նման միջոցառումները ակադեմիայի պատմության մի մասն են։ Հուշատախտակի տեղադմամբ, մեծարման այսպիսի ձևով ուզում ենք հավերժացնել մեր ակադեմիայի նվիրյալներից մեկի՝ Թերեզա Միրզոյանի անունը, որ հիանալի արվեստագետ էր, հիանալի մանկավարժ, մեր ակադեմիայի համար կարևոր անձ՝ իր կերպարով, իր ինտելիգենտ կեցվածքով, ուսանողներին, ուսումնական հաստատությանը իր նվիրվածությամբ»։
Թերեզա Միրզոյանն էլ այն անձանցից է եղել, ում համար աշխատանքային, ստեղծագործական և անձնական-ընտանեկան կյանքը ընթացել է հավասար հարթության վրա։ Արամ Իսաբեկյանը ևս, որն իր կյանքի ավելի քան երեք տասնամյակն անց է կացրել ակադեմիայի հարկի տակ, նախ որպես ուսանող, ապա 90-ականներին պրոռեկտոր, մի քանի տարի անց՝ ռեկտոր, բուհի համար ամենադժվարին տարիներին, երբ այն փակման վտանգի տակ էր անգամ հայտնվել, կարողացավ համախոհ կոլեգաների հետ ոչ միայն փրկել փլուզումից, այլև վերակառուցել, ընդլայնել, զարգացնել և արդիականացնել՝ հասցնելով ներկայիս առաջատար մակարդակի, մի բան, որ հնարավոր է սրտացավության և նվիրվածության շնորհիվ միայն։
Հուշատախտակի տեղադրման առաջարկը եղել է Թերեզա Միրզոյանի դստեր՝ ՀԳՊԱ-ի նախկին սան, նկարչուհի Անուշ Միրզոյանի կողմից, որի կարճ խոսքը կյանքի իմաստային ամփոփում էր․«Ես քանդակագործներին ավելի եմ սիրում, փոքր հասակից կավի հոտ եմ շնչել։ Ակադեմիան մայրիկիս երկրորդ տունն է եղել, հիմա արդեն նրա հոգին միշտ այստեղ կլինի, միշտ ձեզ հետ»։
Մելանյա Բադալյան