Հայտնի են 2020-ի լավագույն ուսանողները
Փետրվարի 17-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել 2020-ի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ և ուսանողներ՝ այդ թվում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայից: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը։
Հաղթողներին հանձնելով հավաստագրեր ու նվերներ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելը հպարտանալու առիթ է, բայց միևնույն ժամանակ նաև պատասխանատվություն և ձեռք բերածը նորովի վերարժևորելու և հաջողությունը շարունակելու կարևոր նախապայման: «Մրցույթով նպատակ ունենք այս կերպ ևս բացահայտել ու խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում: Շատ կարևոր է, որ այս մրցույթի շրջանակում բուհերի ուսանողների միջև բարձրանա մրցակցությունը, ինչը նպաստավոր է որակական առաջընթացի, հետաքրքրությունների ընդլայնման, ինքնադրսևորվելու հնարավորությունների խթանման և կարողությունների բացահայտման առումով»,- մասնավորապես նշել է Վահրամ Դումանյանը՝ ուսանողներին մաղթելով անսպառ եռանդ, բարձր պատասխանատվություն, սեր և նվիրում նախընտրած ոլորտում։
Մրցութային հանձնաժողովի անդամ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ներկայացրել է, թե ինչպես և ինչ սկզբունքով են ընտրել լավագույններին։ Լավագույնը ճանաչված ուսանողներին ողջունել ու շնորհավորել են նաև Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Ռուբեն Աղգաշյանը:
Մրցույթն անցկացվել է ըստ կրթական աստիճանների` բակալավր ու մագիստրոս, և ըստ 7 ոլորտների՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ: Մրցույթում հաղթող են ճանաչվել 38 ուսանողներ, որոնք ներկայացրել են հանրապետության 16 բուհ: 1-ին տեղ է գրավել 13 ուսանող, որոնց կշնորհվի 415.000 դրամ, իսկ 2-րդ տեղ՝ 13 ուսանող, որոնք կստանան 305.000 դրամ կրթաթոշակ: 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 12 ուսանողի կշնորհվի 220.000 դրամ կրթաթոշակ: Բացի դրանից՝ ուսանողների համար նախարարությունը պատրաստել էր նվերներ՝ գրքերի տեսքով, որոնք տպագրվել են գերատեսչության դրամաշնորհներով:
Նշենք, որ պարգևատրված ուսանողների շարքերում են եղել նաև ՀԳՊԱ-ի երկու ուսանող։ «Մշակույթ-սպորտ» ոլորտում «Համակարգչային գրաֆիկա» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Արման Հարությունյանն արժանացել է առաջին կարգի մրցանակի, իսկ «Քանդակագործություն» մագիստրոսի կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Նարեկ Կնյազյանը՝ երկրորդ կարգի մրցանակի։