Ամփոփվեցին Արվեստի տեսություն և պատմություն ՄԿԾ-ի շահակիցների հետ հանդիպումները
Օրերս ՀԳՊԱ-ի ուսումնական վարչության, որակի ապահովման կենտրոնի և Արվեստի տեսության և պատմության ՄԿԾ-ի աշխատանքային խմբի կողմից նախաձեռնվեցին ու անցկացվեցին մի շարք հանդիպումներ կրթական ծրագրի ուսանողների, շրջանավարտների, պրոֆեսորադասախոսական կազմի և ոլորտի գործատուների հետ: Արտաքին և ներքին շահակիցներն արտահայտվեցին կրթական ծրագրերում առկա խնդիրների և զարգացման հնարավորությունների մասին։
Կրթական ծրագրի ուսանողները և շրջանավարտները ներկայացրեցին աշխատաշուկա մուտք գործելու հիմնական խոչընդոտները և հնարավոր լուծումները՝ մասնավորապես կարևորելով ուսումնառության տարիներին պրակտիկ աշխատանքի և արվեստագետների հետ շփման մեխանիզմների բարելավման, հետազոտական բաղադրիչի զարգացման, ուսումնական պլանի վերանայման և դասընթացների բովանդակային վերանայման, դասավանդման և գնահատման մեթոդաբանությունների արդիականացման խնդիրները։ Շահակիցների այս խումբը առաջարկեց նաև հստակեցնել այն մասնագիտական ոլորտները աշխատաշուկայում, որոնց համար ՀԳՊԱ-ն պատրաստում է արվեստաբաններ և բակալավրի, և մագիստրոսի կրթական ծրագրերի մակարդակներում։
Գործատուների հետ քննարկման արդյունքում վերհանվեցին ՀԳՊԱ արվեստաբանություն կրթական ծրագրի շրջանավարտների ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև հնչեցին ծրագիրը բարելավելու առաջարկներ, մասնավորապես՝ զարգացնել կոմպետենցիաները արվեստի կառավարման, կոմերցիայի, կուրատորական գործի և փորձաքննության ոլորտներում, ավելի խորը ուսումնասիրել ժամանակակից հայկական և միջազգային արվեստը, ուսանողների մոտ զարգացնել հաղորդակցման, հետազոտության իրականացման և աշխատանքի ներկայացման հմտությունները ու նպաստել ուսանողների՝ իրենց ուժերի վրա վստահ լինելուն։
Դասախոսական կազմի հետ քննարկման արդյունքում ևս մեկ անգամ վերհանվեցին դասընթացների բովանդակության և փոխկապակցվածության վերանայման, ուսումնառության վերջնարդյունքների հստակեցման, համապատասխան դասավանդման և գնահատման մեթոդների սահմանման խնդիրները։ Դասախոսները նշեցին, որ ուսումնառության գործընթացի համար անհրաժեշտ ռեսուրսները առայժմ բավարար են, սակայն ունեն ուսումնական լաբորատորիայի կարիք։
Ամփոփելով միջազգային փորձի ուսումնասիրության և շահակիցների հետ հանդիպումների արդյունքերը՝ արվեստաբանության ՄԿԾ-ի վերանայող խումբը անցնում է կրթական ծրագրերի նկարագրերի և ուսումնառության վերջնարդյուների մշակմանը։