«Շոշափելով լույսը»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում այս օրերին ներկայացվում է գրաֆիկայի բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիետա Արզումանյանի տարբեր տարիների 50 գեղանկար աշխատանք, որոնց զգալի մասը նատյուրմորտներ են: Գեղանկարչության այս ժանրը նրան ավելի հոգեհարազատ է կարծես, այս գործերի մեջ հեղինակը, ներքին զրույցի մեջ մտնելով իրերի անզգայական աշխարհի հետ, դրանց դարձրել է զարմանալի հաղորդական:
Նկարչուհու գեղարվեստական մտածողությունը ձևավորվում է արտաքին աշխարհից եկող իմպուլսներով, սակայն ակնհայտորեն դրանք անհատականանում, ինքնատիպություն են ձեռք բերում միմիայն ներաշխարհային զգայնություններով, աշխարհի հանդեպ ունեցած սեփական վերաբերմունքի արտահայտություններով: Լինելով ուսանողական աշխատանքներ՝ սակայն, դրանք հասուն են, բովանդակային և պրոֆեսիոնալ: Նկարչության օբյեկտը՝ պարզ առարկաները, ինչպես՝ թեյի գավաթ, ափսե, դանակ, մրգաման կամ ծաղկաման, սրճեփ՝ մետաղից, կավից կամ ճենապակուց, ապակե տարա, կամ մեկ այլ իր, միմյանց հետ դրված են հետաքրքրական հարաբերության մեջ: Նրանք լրացնում են իրար, մի տեսակ իրերի ներփակ աշխարհ է, իրենց կանոններով ու կարգով, որ նոր որակ, նոր կյանք են առնում Մարիետա Արզումանյանի գույնի տաքությունից:
Չնայած տարբեր տարիների արված գործեր են, սակայն դիտվում են մեկ ամբողջության մեջ. ոչ միայն գունային գամման է ընդհանրացնում դրանց, այլև ներքին տրամադրությունը, բովանդակությունը: Նկարչուհին մտածում, աշխատում է շարքերով. այստեղ տեսնում ենք աշխատանքներ՝ «Գծեր», «Խոհանոց» և այլ շարքերից: Ցուցահանդեսի ընտրված խորագիրը՝ «Շոշափելով լույսը», կարելի է ասել գեղանկարչության և իր միջև երկխոսության բանալի է. նա շոշափում է լույսը, նրա պարզ՝ ֆիզիկական և բարդ՝ զգայական հատկությունները, փորձում բացահայտել լույսի բնույթը, դրա արտածումների խախտումներն ու խաբկանքները, և երբ այն բեկվում է իրականություն զանազան հարթությունների մեջ, ինչպես է ձեռք բերում նոր «կյանք», նոր «կերպար», բացում գույնի հմայքը, խորհուրդը, գաղտնիքը: Մարիետայի ստեղծած իրերը՝ գունային ներդաշնակության մեջ, հատկապես կապույտի ու կանաչի երանգային անցումները՝ բաց-թափանցիկից մինչև խիտ թանձրույթներ, իրենց շուրջը առաջացնում են էմոցիոնալ դաշտ. լուսավոր, միաժամանակ խորհրդավոր բան կա այստեղ, որ խորհրդածության է տրամադրում: Գունային այդ անցումները, նույն գույնի երանգային փոփոխությունները, կոնտրաստային շեշտադրումները գեղագիտական վերաբերմունքից բացի, դիտողի մոտ նկարների ներսը թափանցելու, դրանց իմաստային-զգայական շերտերը բացելու ցանկություն են առաջացնում: Կարծում եմ՝ սա նկատի ուներ Արթուր Հովհաննիսյանը, երբ ուշադրություն հրավիրեց աշխատանքների խորքայնությանն ու փիլիսոփայական կողմին:
Մարիետա Արզումանյանը մինչև ՀԳՊԱ ընդունվելը, սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի գրաֆիկայի բաժնում, իսկ գեղանկարչության հանդեպ սիրո, այսպիսի վերաբերմունքի համար, ինչպես ինքն ասաց, պարտական է քոլեջի իր ուսուցչին՝ Դավիթ Դավթյանին, որի համար կարևորը փոքր տարիքից յուրաքանչյուր աշակերտի համար ճիշտ չափանիշներ գտնելն է:
Ռեկտոր Արամ Իսաբեկյանը անթաքույց հիացմունքով շնորհավորեց ուսանողուհուն. «Տարբեր տարիների արված նկարներ են, բայց նույն ոճի, նույն տրամաբանության մեջ. պրոֆեսիոնալիզմ և տաղանդ, նա ճիշտ ուղու վրա է, ճիշտ մտածողության մեջ»:
Ի՞նչն է գնահատելի երիտասարդ ստեղծագործողի մեջ ամենից առաջ. իհարկե՝ աշխատասիրությունը, միայն տաղանդը դեռ բավարար չէ, և իհարկե՝ նպատակայնությունն ու կամքը: Այսպիսին է Մարիետան գրաֆիկայի ամբիոնի վարիչ Աբրահամ Սահակյանի բնութագրումով. «Ինչ նախաձեռնում է նա, հասնում է նպատակին: Առաջին և երկրորդ կուրսի ուսանողները գալիս, հետաքրքրվում էին, թե ինչպես է արել, և արդեն պայմանավորվել ենք՝ առաջին կուրսեցիների համար վարպետաց հաջորդ դասը նա է վարելու»:
Իսկ սա արդեն գնահատական է, չափանիշ:
Մելանյա Բադալյան