«Արմենիա Արթ Ֆեյր» ցուցահանդեսն իր շուրջը համախմբեց մի շարք երկրների արվեստագետների
Մայիսի 31-ին «Երևան» էքսպո կենտրոնում բացվեց «Արմենիա Արթ Ֆեյր» ամենամյա ցուցահանդեսը, որը ներկայացնում էր 35 մասնակից ցուցասրահների և համադրողների՝ Հայաստանից, Իսրայելից, Իրանից, Ուկրաինայից, Իտալիայից, Բելառուսից, և ԱՄՆ-ից: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան ցուցահանդեսին հանդես եկավ միանգամից երեք տաղավարով։
Մի տաղավար կազմակերպիչները տրամադրել էին ՀԳՊԱ-ի ուսանողներին՝ ներկայացնելու իրենց աշխատանքները։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, «սա արդեն երկրորդ անգամ է․ անցյալ տարվա «Արմենիա Արթ Ֆեյրի» ժամանակ էլ էին կազմակերպիչները հատուկ ուշադրություն դարձրել մեր սաներին»։ Երկրորդ տաղավարով հանդես էր եկել ՀԳՊԱ-ի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը, որը ներկայացրել էր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պատմության հետ անմիջական կապ ունեցող երկու մեծանուն նկարիչների՝ Էդուարդ Իսաբեկյանի և Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործությունները։ Երրորդ տաղավարը զբաղեցրել էր ՀԳՊԱ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանի և ակադեմիայի դասախոս Արթուր Հովհաննիսյանի համատեղ «Մտահղացումից իրականացում» նախագիծը (համադրող՝ արվեստաբան Մարինա Հակոբյան)։ Այն բաղկացած էր տարբեր մշակութային ընկալումներ ու դրսևորումներ, սկզբունքներ ու լեզվամտածողություն ունեցող արվեստագետներից յուրաքանչյուրին ներկայացնող երկու առանձին, միաժամանակ կապակցված բաժիններից, որոնք, ամփոփվելով միևնույն ճկուն համատեքստում, հաջորդաբար տեղակայված էին տվյալ ցուցատարածքում ու ձևավորում էին անհատականությունների երկխոսության ստեղծագործական միջավայր։
«Արմենիա Արթ Ֆեյր» մշակութային ծրագրի շրջանակներում Երևանում դեռ մայիսի 25-ից մեկնարկել էին արվեստին առնչվող մի շարք միջոցառումներ, որոնք շարունակվեցին մինչև հունիսի 3-ը: «Երևան» էքսպո կենտրոնում ներկայացվեցին ժամանակակից արվեստի մի շարք ցուցադրություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային պատկերասրահների կողմից: Ծրագրի շրջանակներում նաև անցկացվեցին տարբեր միջոցառումներ, այդ թվում «Night Owl» («Գիշերային բու») արվեստի զրույցների շարքը, որը ներառում էր նոր արվեստի և նոր շուկաների մասին դասախոսություն՝ Լոնդոնի «Sotheby» արվեստի համալսարանի Արվեստի բիզնես ուսումնասիրությունների տնօրեն դոկտոր Յան Ռոբերտսոնի կողմից:
Բացման հանդիսավոր արարողության ժամանակ «Արմենիա Արթ Ֆեյրի» համահիմնադիր Զարուհի Ուզունյանը ընդգծեց, որ այս միջոցառումն իրենց համար շատ կարևոր իրադարձություն է: «Արդեն երկրորդ տարին է, որ իրականացնում ենք այս միջոցառումը: 2018-ին կար ընդամենը 19 մասնակից, իսկ այժմ 35-ն են: Մեր թիմի աշխատանքով կարողացանք հասնել նրան, որ տարբեր երկրների արվեստագետների ուշադրությունը հրավիրեցինք դեպի Հայաստան»,- նշեց նա և հավելեց, որ այս ցուցահանդեսի միջոցով հնարավոր կլինի շուկան ավելի հետաքրքիր դարձնել շահագրգիռ անձանց համար:
Նշենք, որ «Արմենիա Արթ Ֆեյրը» արվեստի տոնավաճառ է, որին մասնակցում են Հայաստանի ու աշխարհի տարբեր երկրների ցուցասրահներ, թանգարաններ, պատկերասրահներ, ակադեմիաներ, արվեստի անկախ համադրողներ, ինչպես նաև գնորդներ ու պարզապես հետաքրքրված մարդիկ: Միջոցառումը նպատակ ունի աջակցել արվեստագետներին, կառուցել արվեստի շուկա և Հայաստանում զարգացնել արվեստի կրթությունը: «Արմենիա Արթ Ֆեյրի» հիմնական նպատակներից է նաև բարձրացնել արվեստի մասին իրազեկությունը ևխրախուսել արվեստի ներդրումները Հայաստանում ու տարածաշրջանում, կիսել արվեստի ոլորտում լավագույն փորձը, նպաստել Հայաստանում մշակութային տուրիզմի զարգացմանը: